Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա առթիվ բաց դաս ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1915

Մարտի 1-ին նշվում է քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, և այս կապակցությամբ ՀՊՏՀ-ում քաղաքացիական պաշտպանության գործառույթների պատասխանատու, քիմ.գ.թ., դոցենտ Սիրանուշ Հարությունյանը «ԱԻ և քաղպաշտպանության հիմնահարցեր» առարկայի շրջանակում մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, կառավարման, ֆինանսական ֆակուլտետների 1-ին կուրսի ուսանողների համար այսօր կազմակերպել էր «Միջուկային և կենսաբանական զենք» թեմայով բաց դաս: Միջոցառմանը ներկա էին մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը, դեկանի տեղակալ Արա Մկրտչյանը, վերը նշված ամբիոնի դասախոսներ:

Միջազգային հանրության կողմից նշվող օրվա կարևորության և նպատակների մասին խոսեց Սիրանուշ Հարությունյանը՝ հորդորելով արտակարգ իրավիճակների ժամանակ «արթուն պահել արագ արձագանքելու և կողմնորոշվելու կարողությունը»: Ապա նշեց, որ «ԱԻ և քաղպաշտպանության հիմնահարցեր» առարկայի հիմնական նպատակներից է երիտասարդությանը դաստիարակել նման իրավիճակներում հայրենակիցներին օգնության հասնելու ոգով, նրանցում գրագետ ու կազմակերպված ինքնապաշտպանվելու հմտություն ձևավորել:

Հաջորդիվ՝ դասախոս Նեդա Պետրոսյանը, ուսանող-զեկուցողներ Մարիամ Գրիգորյանը, Անի Մելքոնյանը, Քնար Գրիգորյանը, Արաքսյա Պապոյանը և Իրինա Մելքոնյանը լսարանին մանրամասն տեղեկություն հաղորդեցին կենսաբանական զենքի, դրա կիրառման եղանակների, հետևանքների, մարդու առողջության վրա վատ ներգործության, համապատասխան պաշտպանություն կազմակերպելու վերաբերյալ:

Դասի թեման շարունակեցին քիմ.գ. թ., դոցենտ Վեներա Ոսկանյանը, Սիրանուշ Հարությունյանը և ուսանողներ Անահիտ Մշեցյանը, էլեն Արշակյանը, Սաթինե Դավթյանը՝ խոսելով միջուկային զենքի առանձնահատկությունների մասին:

Զեկուցումներից հետո հնչած հարցերի վերաբերյալ ծավալուն քննարկում էր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին