Տեսական և գործնական բաղադրիչների զուգակցում՝ 1 դասաժամում

Դիտումների քանակ՝ 2599

Կառավարում մասնագիտության 2-րդ կուրսում այսօր «Էկոնոմիկա և կառավարում» առարկայի դասաժամին ուսանողները ոգևորությամբ էին պատրաստվել: Դասախոս, կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Սարգիս Ասատրյանցը նշեց, որ բոլոր դասաժամերն են անցկացվում համեմատաբար նոր ձևաչափով, որում հավասարապես զուգակցվում են տեսական և գործնական բաղադրիչները, և որ ամենակարևորն է՝ առանցքում ուսանողն է, թիմային աշխատանքը:

«Կոնկրետ այս առարկայի նպատակը ուսանողի մոտ ձեռնարկատիրական մտածողության զարգացումն է, ձեռնարկատիրական գործունեության անհրաժեշտ գործիքակազմին ծանոթացնելը, ստեղծարար միտք ձևավորելը: Նոր ձևաչափի սկզբունքը հետևյալն է՝ տեսական մասում դասախոսը ներկայացնում է նյութը, գործնականում՝ ուսանողն է խոսում, պատկերավոր ներկայացնում թեմայի շուրջ նախօրոք հավաքագրած լրացուցիչ տեղեկություն (սա նպատակ ունի զարգացնելու ուսանողի որոնել-գտնելու, պրպտելու հմտությունը): Հիմնականում հանդես են գալիս թիմերով և դասում չներգրավված ուսանող, կարելի է ասել, չի լինում: Չմոտիվացված ուսանողը գիտի, որ եթե դասին չմասնակցի՝ տուժելու է իր թիմը, ուստի դառնում է մոտիվացված, հանդես բերում հետաքրքրություն»,-մեթոդի արդյունավետությունը հիմնավորեց Սարգիս Ասատրյանցը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին