ՀՊՏՀ գիտնականները Վիեննայում մասնակցել են միջազգային համաժողովի
Նոյեմբերի 26-29-ը Վիեննայում տեղի է ունեցել հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումներին նվիրված համաժողով, որին ՀՊՏՀ-ից մասնակցել են հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Մերի Բադալյանը, ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ալվարդ Սարգսյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Լիանա Գրիգորյանը: Համաժողովը տեղի է ունեցել Համաշխարհային բանկի հովանու ներքո, ներկա են եղել ավելի քան 10 երկրի պատվիրակներ (Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և այլ), այդ թվում՝ ֆինանսների նախարարներ, միջազգային փորձագետներ, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, հանրային և մասնավոր հատվածների ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ՝ 250 մասնակից: ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցության հրավերն ստացել են Ֆինանսական հաշվետվողականության բարեփոխումների կենտրոնից (''Centre for financial reporting reform''):
Այցի մանրամասները մեզ է ներկայացրեց Լիանա Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ ՀՊՏՀ պատվիրակները համաժողովի «STAREP» աշխատաժողովի շրջանակում մասնակցել են հաշվապահական հաշվառման և աուդիտի ուղղությամբ կրթական ծրագրերի բարեփոխումներին վերաբերող քննարկումներին, լսել փորձագիտական կարծիքներ ու զեկուցումներ: Առանցքային են եղել կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության համակարգի ներդրման և կատարելագործման հետ կապված հարցերը: Քննարկումները ղեկավարել է Ֆինանսական հաշվետվողականության բարեփոխումների կենտրոնը (CFRR) :
«Շատ կարևոր է, որ ակադեմիական սեկտորն ու հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան մշտապես համագործակցեն, կրթական ծրագրերի լավարկման հարցերը համատեղ քննարկեն՝ միջազգային մասշտաբով: Այս առումով մեր մասնակցությունն արդյունավետ ու ճանաչողական էր»,-մեզ հետ զրույցում ասաց Լիանա Գրիգորյանը:
ՀՊՏՀ գիտնականները ստացել են մասնակցության հավաստագրեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին