ՀՊՏՀ-ականները դոնորագրվեցին ոսկրածուծի դոնորների ռեեստրում

Դիտումների քանակ՝ 1526

Տնտեսագիտական մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ, աշխատակիցներ և ուսանողներ այսօր միացան այն հազարավոր մարդկանց, ովքեր կամավորության սկզբունքով դոնորագրվել են Հայաստանում լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար ստեղծված «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամում: Մեր համալսարանում էին նշված հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը, գրասենյակի պատասխանատու Զառա Հովհաննիսյանը, աշխատակիցներ, որոնք կազմակերպեցին ՀՊՏՀ-ականների դոնորագրումը: Նախքան արյուն հանձնելը, կամավորները ծանոթացան դոնորագրման գործընթացին, լսեցին կազմակերպիչների՝ բարեգործական նախաձեռնությունը կարևորող խոսքը: Առաջին արյունատուները Ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի ներկայացուցիչներն էին, ՀՊՏՀ դեկաններն ու աշխատակիցները, որից հետո դոնորների շարքերը համալրեցին ուսանողները:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի հետ բաժնի հետ զրույցում Սևակ Ավագյանը նշեց, որ իրենց հիմնադրամի առաքելությունն է ստեղծել դոնորների ընդգրկուն մի բազա, որը կօգնի կյանքեր փրկել:

«Ըստ էության, մենք համահայկական ծրագիր ենք իրականացնում. մեր ռեեստրում 30 հազար դոնոր ունենք, որից 60 %-ը Հայաստանից, Արցախից, Ջավախքից են, մնացածը՝ Սփյուռքի տարբեր հատվածներից: Մենք պահպանում ենք դոնորի տվյալները և եթե բարեբախտաբար այն համընկնում է հիվանդի տվյալների հետ՝ կապ ենք ստեղծում դոնորի և հիվանդի միջև, համաձայնության դեպքում, արդյունքում դոնորի ցողունային բջիջները փրկում են 1 հիվանդի կյանք»,-մանրամասնեց տնօրենը և հորդորեց միանալ դոնորագրմանը՝ գիտակցելով, որ այդպիսով կարող եք կյանք փրկել:

Նշենք, որ նրանք, ովքեր ուզում են դոնոր դառնալ, կարող են դիմել «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամին՝ Հ. Ներսիսյան 7 հասցեով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին