«Ժան Մոնե նեթվորք»․ ՀՊՏՀ դասախոսը Բուդապեշտում մասնակցել է միջազգային գիտաժողովի

18.05.2023
Դիտումների քանակ՝ 1158

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս Ալբերտ Հայրապետյանը «ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն (EUCON)» «Ժան Մոնե նեթվորք» ծրագրի շրջանակներում մայիսի 11-ին և 12-ին մասնակցել է Բուդապեշտի Կորվինուսի համալսարանում անցկացված «Եվրամիություն, Եվրասիական տնտեսական միություն՝ և՛ գոտի, և՛ ճանապարհ. ընկալումներ, պրակտիկա և ռիսկեր Եվրասիայում» (The European Union, Eurasian Economic Union and the Belt and Road: Perceptions, practices and risks in Eurasia) խորագրով գիտաժողովին՝ հանդես գալով բանախոսությամբ։ «Եվրասիական տնտեսական միության անդամակցության ազդեցության գնահատականը Հայաստանի առևտրային հոսքերի վրա» թեմայով ելույթը հիմնված էր միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս Սուսաննա Աղաջանյանի և նույն ամբիոնի ասպիրանտ Դիանա Մաթևոսյանի նույնանուն գիտական աշխատանքի վրա, որը ներառվելու է գիտաժողովի նյութերի ժողովածուում։

Գիտաժողովն ընթանում էր անցանց և առցանց ձևաչափերով․ ունկնդրում էին Բուդապեշտի Կորվինուսի համալսարանի, եվրոպական մի շարք այլ կրթական ու գիտական հաստատությունների դասախոսներ և գիտնականներ, բարձրաստիճան դիվանագետներ և դասախոսներ։

Ներկաները մեծ հետաքրքրությամբ լսեցին Ալբերտ Հայրապետյանի բանախոսությունը, որին հաջորդեց տևական քննարկում։ Մեզ հետ զրույցում Ալբերտ Հայրապետյանը նշեց, որ ներկաների թվում կային դասախոսներ, որոնք հետաքրքրված էին Հայաստանով և ՀՊՏՀ-ով, մասնավորապես՝ «Էրազմուս» ծրագրի շրջանակներում դասախոսություններով հանդես գալու հնարավորությամբ։

Հավելենք, որ գիտաժողովի ընթացքում բանախոսություններով հանդես եկան նաև EUCON ծրագրի ՀՊՏՀ գործընկեր բուհերի դասախոսներ Հանես Մայսները, Տամաշ Մատուրան, Ֆլորենս Էրտելը, Ջուլիան Պլոտկան, Օքսանա Կարնաուխովան, և Դևիդ Մորիսը։