Աշխատանքային այց, որը խոստանում է գործընկերային կապերի զարգացում և ընդլայնում
«Էրազմուս+»-ի միջազգային շարժունության ծրագրի շրջանակում հունիսի 5-9 ՀՊՏՀ-ում հյուրընկալվել են Բրատիսլավայի տնտեսագիտության և կառավարման (Սլովակիա) համալսարանի միջազգային հարաբերութունների գծով տնօրեն Մարիան Կովաչը, կառավարման և մարքեթինգի դեպարտամենտի դոցենտ Յանա Գասպերովան, գիտության և հետազոտությունների գծով պրոռեկտոր Մոնիկա Հուդակովան։ Վերջիններիս այցը համընկել է այդ օրերին ՀՊՏՀ-ում անցկացվող «ԵՄ և ԵԱՏՄ» միջազգային ամառային դպրոցի աշխատանքներին, որի շրջանակում դասախոսություններով են հանդես եկել Մարիան Կովաչը («Անվտանգությունը՝ որպես տարածաշրջանային զարգացման որոշիչ գործոն») և Յանա Գասպերովան («Երիտասարդների մոտիվացիայի դերը մարդկային ռեսուրսների կառավարման մեջ ԵՄ-ում»):
Գործընկեր համալսարանի ներկայացուցիչներին ընդունել է ռեկտոր Դիանա Գալոյանը։ Հանդիպմանը ռեկտորն ընդգծել է, որ միջազգային գործընկերությունը եղել և շարունակում է մնալ ՀՊՏՀ ռազմավարական գլխավոր ուղղություններից մեկը, ապա հավելել, որ համալսարանը բաց է ցանկացած կառուցողական համագործակցության համար։ Եվրոպացի հյուրերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել են, որ ուրախ են աշխատանքային այցով գտնվել տնտեսագիտական կադրեր պատրաստող հայաստանյան առաջատար բուհում։
Մարիան Կովաչը, Յանա Գասպերովան և Մոնիկա Հուդակովան հանդիպել են նաև գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանին, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանին, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանին, միջազգային կապերի բաժնի աշխատակիցներին, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուսումնագիտական հարցեր, դիտարկել առկա ծրագրերի ընդլայնման և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։
Հյուրերը հանդիպել են նաև ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոս, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանին, ով ապրիլի 17-21-ը դասախոսություններով հանդես էր եկել Բրատիսլավայի տնտեսագիտության և կառավարման համալսարանում, ինչպես նաև 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում վերոհիշյալ համալսարանում ուսումնառած ՀՊՏՀ ուսանողներ Գրետա Ղազարյանին ու Հասմիկ Հովհաննիսյանին։
Հյուրերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու և ընդլայնելու Տնտեսագիտական համալսարանի հետ գործընկերության շրջանակները։