Կամրջելով գործատուին և աշխատանք փնտրողին․ ՀՊՏՀ-ում Աշխատանքի տոնավաճառ է

05.05.2023
Դիտումների քանակ՝ 1206

ՀՊՏՀ բակում վաղ առավոտից աշխույժ իրարանցում է․ Տնտեսագիտական համալսարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, հերթական անգամ անցկացնում է Աշխատանքի տոնավաճառ՝ հանդիպման հարթակ դառնալով աշխատանք փնտրողի և գործատուի համար։

Աշխատուժի հավաքագրման հարցում գործատուին օգնելու այս նախաձեռնությունը բուհի կյանքում ավանդական դարձած միջոցառումներից է, որը տարեցտարի ընդարձակում է մասնակիցների շրջանակը։

ՀՊՏՀ դարպասները 11։00-ից լայնորեն բացվել են ոչ միայն պետական և մասնավոր հատվածի շուրջ 80 առաջատար գործատուների, այլ նաև ՀՊՏՀ ուսանողների, շրջանավարտների և բոլոր աշխատանք փնտրողների առջև։ Տոնավաճառի կազմակերպիչներին ու մասնակիցներին ողջունելու են եկել բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար համայնքի ներկայացուցիչներ, որոնք բուհի ղեկավարության և անձամբ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղեկցությամբ մասնակից են դառնում աշխատանքին նվիրված այս տոնին։

Գովազդային պաստառներով, գրավիչ ցուցանակներով ձևավորված տաղավարներում կազմակերպությունների մարքեթինգի և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներն անմիջական զրույց են վարում այցելուների հետ, ծանոթացնում թափուր հաստիքներին, դրանց համալրման վերաբերյալ տեղեկություն տրամադրում և տեղում հայտագրման հնարավորություն ստեղծում բոլոր ցանկացողների համար։

Անցած տարիների փորձը վկայում է, որ ՀՊՏՀ-ում կազմակերպվող Աշխատանքի տոնավաճառները իսկապես ծառայում են նպատակին․ ոչ միայն հանդիպման առիթ են ստեղծում, այլև արհեստավարժ մասնագետի և աշխատաշուկայի միջև համագործակցության սկիզբ են դառնում, կարիերայի զարգացման, մասնագիտական աճի խթան հանդիսանում։

Վստահ ենք՝ Աշխատանքի տոնավաճառի առաջիկա ժամերը գործնական և արդյունավետ կլինեն բոլոր մասնակիցների համար, իսկ ժամը 14։00-ին կայանալիք «ՀՊՏՀ‒աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողովը հնարավորություն կընձեռի վեր հանելու ոլորտի հիմնախնդիրները և առաջադրելու լուծումներ։