Աշխատանքի տոնավաճառ, որը մի քանի քայլով կրճատեց բուհից աշխատաշուկա ճանապարհը
Ներկայացուցչական կազմով ու ընդգրկմամբ աննախադեպ Աշխատանքի տոնավաճառն անցավ կազմակերպված, շուքով և, իհարկե, տոնական մթնոլորտում։ ՀՊՏՀ բակը լեփ-լեցուն էր․ պետական գերատեսչությունների, տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 80 առաջատար գործատուներ՝ նախարարություններ, բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային, կրթական, հաշվապահական և աուդիտորական, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և այլ ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, հյուրեր։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին տաղավարներով, զրուցեցին գործատուների և տոնավաճառի մասնակիցների հետ։
«Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդումը ցանկացած ձևաչափով կարևոր է․ նախ՝ մեր կրթական ծրագրերի գործնական կողմը զարգացնելու, ապա նաև՝ աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունն ապահովելու տեսանկյունից։ Մենք տարբեր ձևաչափերով իրականացնում ենք այս կապի ամրապնդումը։ Մասնավորապես, գործատու գործընկերների հետ ավելի քան 200 համագործակցության հուշագիր ենք ստորագրել, ինչը թույլ է տալիս ուսանողների փորձառությունը կազմակերպել այդ ընկերություններում, միաժամանակ՝ օգնել մեր գործընկերներին կադրերի ընտրության հարցում և դրանով նպաստել ուսանողների ինտեգրմանը աշխատաշուկային»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ Աշխատանքի տոնավաճառը հնարավորություն է ստեղծում, որ գործատուների բազմազան առաջարկներից ուսանողներն ընտրեն իրենց նախասիրություններին, կարողություններին, անձնային որակներին համապատասխան աշխատանք։
Ռեկտորի փոխանցմամբ՝ գործատուների տարեցտարի աճող հետաքրքրությունը ՀՊՏՀ-ում կազմակերպվող տոնավաճառների նկատմամբ վկայում է այն մասին, որ դրանք արդյունավետ են և երկուստեք օգտակար։ «Մեր նպատակն է օգնել, որ գործատուների և աշխատանք փնտրողների միջև ամուր և հաստատուն գործընկերային հարաբերություններ կառուցվեն, անկողմնակալ հաղորդակցում ձևավորվի։ Այս երեք տարիների փորձը ցույց է տալիս, որ դա մեզ հաջողվում է»,- ասաց Դիանա Գալոյանը։
«Հայաստանում որակավորված մասնագետների մեծ պահանջարկ կա այսօր, իսկ գործատուին անհրաժեշտ են բանիմաց և կարողություններով օժտված կադրեր, որոնց նա փնտրում է նաև ուսանողների մեջ։ Այս առումով, աշխատանքի տոնավաճառներն անմիջական կապ են ստեղծում աշխատանք փնտրողի և առաջարկողի, այս պարագայում՝ ուսանողի և գործատուի միջև»,- ասաց փոխնախարարը։
Իսկ տաղավարների մոտ ակտիվ եռուզեռը չդադարեց մինչև տոնավաճառի ավարտը։ ՀՀ պետական և մասնավոր հատվածի խոշորագույն ընկերություններն աննախադեպ հնարավորություն ունեցան խորհրդատվություն տրամադրելու թափուր աշխատատեղերի մասին, կազմակերպության համալրման համար կադրային բազա հավաքագրելու, իսկ աշխատանք փնտրողները՝ հանդիպելու և գործնական կապեր հաստատելու գործատուի հետ, ընդգրկվելու թափուր աշխատատեղերի հավակնորդների ցանկում։
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՊՏՀ Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էր առաջին անգամ։ «Ուսանողներին ուղղորդում ենք և պարզաբանում, թե ինչպես կարող են դիմել քաղծառայության հաստիքների մրցույթներին, ծանոթացնում ենք մեր կայքէջին։ Շատ կարևոր է, որ ապագա տնտեսագետներն իրենց տեղը գտնեն նաև պետական համակարգում»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության զբաղվածության հարցերով կազմակերպիչ Սեդա Հախնազարյանը։
ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս տոնավաճառին մասնակցում է առաջին անգամ։ Նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանի խոսքով՝ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ոչ միայն այդ պահի դրությամբ առկա թափուր հաստիքին համապատասխան թեկնածու ներգրավել, այլև կադրային պահուստ ձևավորել, աշխատել ուսանողի հետ, մասնագիտական գիտելիք և կարողություն փոխանցել ու զարգացնել, որպեսզի ավարտելուց հետո սահուն կերպով անցնեն աշխատանքի։
Այն, որ ուսանողները հետաքրքրված են պետական աշխատանքով, ակնհայտ դարձավ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության տաղավար մեր այցելության պահին։ Նախարարությունը և ՀՊՏՀ-ն ավանդական գործընկերներ են։ Նախարարության անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Կարեն Բարսեղյանի փոխանցմամբ՝ պետական հատված և բուհ համագործակցությունը միտված է քաղաքացու շահերին, աշխատաշուկայի բարելավմանը, և աշխատանքի տոնավաճառն էլ իր հերթին լրացուցիչ հնարավորություն է՝ ուժերը փորձելու, ընտրություն կատարելու և համագործակցելու։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության ներքին հաղորդակցությունների և կոնտենտի մասնագետ Սոֆի Թովմասյանի խոսքով՝ լինելով ռեստորանային բիզնեսի առաջատար ընկերություններից մեկը՝ «Երեմյան Փրոջեքթս»-ը բազմաթիվ գրավիչ առաջարկներ ունի․ «Յուրաքանչյուրը մեզ մոտ կարող է գտնել իր սրտին և մտքին համապատասխան աշխատանք։ Ուսանողներին առաջարկում ենք ճկուն աշխատանքային գրաֆիկով, հարմար պայմաններով բազմաթիվ հաստիքներ, որոնց համար փորձը պարտադիր չէ։ Ընկերությունը պատրաստ է նաև աշխատանքային հմտություններ փոխանցել»։
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության հասարակական գործերի և կայունության բաժնի ներկայացուցիչ Անի Զաքինյանի խոսքով՝ ընկերությունը ներկայացնում է թափուր հաստիքներ ու փորձառության հնարավորություններ, ինչպես նաև «Երիտասարդների զարգացում» կրթական ծրագիրը, որը յուրացնելուց հետո ուսանողները հեշտությամբ են իրենց տեղը գտնում աշխատաշուկայում։ «ՀՊՏՀ-ի հետ մեր համագործակցությունը երկարատև է, արդյունավետ և հեռանկարում ավելի ընդլայնվելու միտում ունի»,-վստահեցրեց Անի Զաքինյանը։
«Դը Գուրուս» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջարկում են անվճար դասընթացներ (բիոտեխնոլոգիական ոլորտի), որոնք հաջողությամբ ավարտելու պարագայում ուսանողները փորձառության և բարձր վարձատրվող աշխատանքի հնարավորություն կստանան։
Այսպիսով, Տնտեսագիտական համալսարանում կազմակերպված Աշխատանքի տոնավաճառը գործնական հանդիպումների, ծանոթությունների, բացահայտումների հարթակ էր, որը հնարավորություն տվեց արդյունավետ երկխոսություն ծավալել գործատուի և աշխատանք փնտրողի միջև և շատ-շատերի համար մի քանի քայլով կրճատեց և դյուրացրեց բուհից աշխատաշուկա որոնումների դժվարին ճանապարհը։ Այն նաև խթանող ազդեցություն ունեցավ ուսանողների համար, որոնք անմիջականորեն գործատուից տեղեկացան, թե ինչ կարողություններով պետք է օժտվեն ուսումնառության ընթացքում, որպեսզի ավարտելուց հետո կարողանան համապատասխանել աշխատաշուկայի օրեցօր աճող պահանջներին։
Լուսանկարային շարքն ամբողջությամբ տե՛ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։