Տնտեսագիտական և Ագրարային համալսարանների ուսանողները՝ համատեղ նախաձեռնությամբ

Դիտումների քանակ՝ 2873

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողներ Գայանե Գասպարյանը, Անուշ Իսոյանը և 3-րդ կուրսի ուանողուհի Իռեն Թալալյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կաթ-կաթնամթերքի և մանկական ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա մասնագիտության երրորդ կուրսեցի Սարգիս Գևորգյանի հետ երեկ՝ մարտի 26-ին մեր համալսարանում անցկացրին անգլերեն լեզվով կինոդիտում՝ «Չառլին և շոկոլադի ֆաբրիկան»:

Երկու բուհերի երիտասարդները ծանոթացել են EYP-ում՝ Եվրոպական երիտասարդական խորհրդարանում: Ինչպես պատմում են Գայանեն և Անուշը, նրանք որոշել են անգլերենի ակումբներ ստեղծել իրենց բուհերում և ընկերների համար անվճար դասընթացներ կազմակերպել: 2018 թ. նոյեմբերին ՀՊՏՀ ՈՒԽ արտաքին կապերի հանձնաժողովի ջանքերով ստեղծվել է «Անգլախոսների ակումբը», որի գործունեության շրջանակում էլ կազմակերպվել էր այս կինոդիտումը և հրավիրվել էին Ագրարային համալսարանի համախոհ ընկերները: Նպատակը մշակույթի, մասնավորապես՝ կինոարվեստի միջոցով անգլերենի իմացության բարելավումն է, ինչպես նաև ընկերային շփումների ամրապնդումը:

Ագրարայինցիներին ուղեկցում և ուսանողների նախաձեռնությունը խրախուսում էր մեր հարգարժան գործընկերը՝ Ագրարային համալսարանի «Հասուն հասկ» թերթի գլխավոր խմբագիր Անի Խուդավերդյանը: Ջերմ և հաճելի հանդիպման ավարտին ագրարայինցիները նշեցին, որ հաջորդիվ պատրաստվում են հյուրընկալել ՀՊՏՀ սաներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին