ՀՊՏՀ-ն հյուրընկալել է Վարշավայի տնտեսագիտության դպրոցի դասախոսներին

Դիտումների քանակ՝ 1442

ԵՄ «Էրազմուս+» կրթական ծրագրի շրջանակներում մեր համալսարանը հյուրընկալել է Վարշավայի տնտեսագիտության դպրոցի (Լեհաստան) տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավար, դոցենտ Մարիուշ Պրուխնիակին (Mariusz Prochniak) և նույն համալսարանի դոցենտ, հավանականությունների մեթոդների դեպարտամենտի ղեկավար Բարտոշ Վիտկովսկիին (Bartosz Witkowski): Վերջիններս 8-ժամյա դասախոսություններով են հանդես եկել մակրոէկոնոմիկայի ամբիոնի ուսանողների համար: Դասախոսություններին մասնակցել են նաև մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոսները: «Տնտեսական աճը» թեմայով դասախոսության շրջանակներում Մարիուշ Պրուխնիակը ուսանողներին ներկայացրել է տնտեսական աճի ընդհանուր գաղափարը, ինչպես նաև մանրամասն մեկնաբանել է տնտեսական աճի վրա ազդող առաջարկի ու պահանջարկի գործոնները և համեմատական վերլուծություն իրականացրել Լեհաստանի և ԵՄ մյուս երկրների տնտեսական աճի և մակրոտնտեսական մյուս կարևոր ցուցանիշների առնչությամբ:

Բարտոշ Վիտկովսկին այսօր տնտեսագիտություն մասնագիտության 3-րդ և մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացման մագիստրատուրայի 1-ին կուրսերում սովորող ուսանողների ուշադրությանն է ներկայացրել էկոնոմետրիկ մոդելավորման միջոցով համախառն ներքին արդյունքի հաշվարկման եղանակները՝ դիտարկելով դրա փոփոխության վրա ազդող գործոնները (ԵՄ անդամ երկրների տվյալների հիման վրա):

Մեզ հետ զրույցում մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց արտաքին կապերի բաժնին՝ դասախոսներին հրավիրելու համար և հավելեց, որ երեկ ամբիոնում մասնագիտական քննարկում է ունեցել Մարիուշ Պրուխնիակի հետ՝ «Մակրոտնտեսագիտություն» առարկայի դասավանդան արդի մեթոդների վերաբերյալ: «Վարշավայի տնտեսագիտության դպրոցի դասախոսը մեր զրույցի ընթացքում ընդգծել է, որ տպավորված է ՀՊՏՀ ուսանողների թե' մասնագիտական գիտելիքներով, թե' անգլերենի իմացությամբ: Հանդիպման շրջանակներում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել միջամբիոնային հետագա փոխգործակցության վերաբերյալ»,-նշեց ամբիոնի ղեկավարը:

Ի հավելումն՝ արտաքին կապերի բաժինը հայտնում է, որ ընթացիկ ուսաումնական տարում նախատեսվում են նաև այլ փոխանակային դասախոսություններ, մասնավորապես՝ «Անձնակազմի վերապատրաստման շաբաթ» միջոցառման շրջանակներում ՀՊՏՀ-ում հյուրընկալվելու են օտարերկրյա մի շարք բուհերի դասախոսներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին