Հոբելյան. պրոֆեսոր Գրիգոր Աղաջանյանը դարձավ 80 տարեկան

Դիտումների քանակ՝ 2929

Լրացավ վաստակաշատ գիտնական-մանկավարժ, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի հիմնադիր-վարիչ, պրոֆեսոր Գրիգոր Աղաջանյանի ծննդյան 80-ամյակը: Թեև մեր ավագ գործընկերն արդեն մեկ տարի է՝ չի շարունակում իր ակտիվ աշխատանքային գործունեությունը (անցյալ տարի ամբիոնը մեծարման ցերեկույթում նրան ճանապարհեց վաստակած հանգստի), սակայն գործընկերները հոգով ու սրտով մշտապես նրա հետ են և զգում են նրա աջակցության և խորհուրդների կարիքը:
Այսօր հոբելյանի առիթով Գրիգոր Աղաջանյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, մաղթել քաջառողջություն ու երկար կյանք, շնորհակալություն հայտնել գիտամանակավարժական գործունեության և ամբիոնական հրաշալի ավանդույթների համար: Ուղերձում մասնավորապես ասված է. «Տասնամյակներ ամփոփող այս հոբելյանական հանգրվանում, որպես Ձեր բազմամյա գործընկեր, Ձեր գործունեությունը անկողմնակալ կերպով գնահատող մարդ, փաստում եմ՝ Դուք գիտնական ու մանկավարժ եք կոչումով և էությամբ, նվիրյալ, ով գիտության և կրթության ոլորտում աշխատանքային հինգ տասնյակ տարիների ընթացքում մասնագիտական կյանքի ուղեգիր է տրամադրել սերունդներին, միաժամանակ դարձել մեր սիրելի համալսարանի բարի համբավը կերտողներից:
1975 թվականին մեր համալսարան, նախկինում՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Դուք եկաք արդեն կայացած և բավականաչափ փորձ ու հմտություն վաստակած, տնտեսագիտության թեկնածուի և դոցենտի գիտական աստիճանով և կոչումով:
Դուք հետևողականորեն ու ջանասիրաբար նպատակաուղղեցիք Ձեր ջանքերը նորաստեղծ մեր բուհի կայացման գործում. քաղաքատնտեսության ամբիոնում աշխատելուն զուգընթաց՝ ղեկավարում էիք նախապատրաստական բաժանմունքը:
Իսկ 1995 թ., նշանակվելով նորաստեղծ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, Դուք այն ղեկավարեցիք 17 երկար ու ձիգ տարիներ՝ ի ցույց հանելով կառավարչի Ձեր հմտությունները, ստեղծելով աշխատանքային ջերմ մթնոլորտ, հաստատելով կարգապահություն, ապահովելով ուսումնական գործընթացի արդյունավետություն: Ձեր ղեկավարած ամբիոնում հասակ առան գիտության նոր և արժանավոր թեկնածուներ ու դոկտորներ՝ նախապատրաստելով սերնդափոխություն և ստեղծված լավ ավանդույթների ժառանգորդում: 2006 թվականին Ձեզ արժանիորեն շնորհվեց պրոֆեսորի կոչում: Ձեր գիտական հետաքրքրությունների և ուսումնասիրությունների ոլորտը շահույթի ու շահութաբերության, ժամանակի խնայողության, արտագաղթի և ներգաղթի սոցիալ- տնտեսական հետևանքների հիմնախնդիրներն են, որոնց համակողմանի ու խորազնին քննությունը թույլ է տվել Ձեզ ծանրակշիռ խոսք ասել գիտության մեջ՝ հեղինակելով շուրջ չորս տասնյակ գիտական և մեթոդական աշխատանքներ, ուսումնական ձեռնարկներ… »։

Շնորհավորում ենք, մաղթում արևշատություն և ամենայն բարիք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին