ՀՊՏՀ-ում կայացել է ”ARARAT” ծրագրի կայունության և շարունակականության մշտադիտարկման այց
Եվրոպական Միության (ԵՄ) Տեմպուսի «Համալսարան-գործատու» hայկական համակարգող գործակալություն (ԱՐԱՐԱՏ) (Armenian Coordination Agency “University - Employer” (“ARARAT”), № 530321-TEMPUS-1-2012-1-AM-TEMPUS-SMHES) ծրագրի կայունության և շարունակականության մշտադիտարկման այցի շրջանակներում ԵՄ «Կրթության, տեսաձայնային և մշակութային» գործադիր գործակալության (Գործադիր գործակալություն) ծրագրերի համակարգող և պատասխանատու Բելեն Էնսիսոն և Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչներ՝ ծրագրի համակարգող Լանա Կառլովան, ծրագրի պատասխանատուներ Էդիթ Սողոմոնյանը ու Անի Թորոսյանը նոյեմբերի 15-ին հյուրընկալվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ծանոթանալու ծրագրի ավարտից հետո կատարված գործողություններին և աշխատանքներին։
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի մեր գործընկերները, Տեմպուսի ծրագրերի շարունակական մշտադիտարկման համար Եվրոպական հանձնաժողովը և Գործադիր գործակալությունը մշակել են մշտադիտարկման համապարփակ քաղաքականություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծրագրերի կայունության և արդյունքների տարածման ուսումնասիրությանը։ Այդ նպատակով Գործադիր գործակալությունն իրականացնում է հետծրագրային մշտադիտարկման պարբերական այցեր ծրագրերի համակարգողների և գործընկերների մոտ՝ բացահայտելու, թե ինչպիսինն է իրականացված ծրագրերի ազդեցությունն անհատական, ինստիտուցիոնալ ու ազգային մակարդակում, և արդյոք ֆինանսավորման ժամկետի ավարտից հետո շարունակվում են գործընկերային հարաբերություններն ու կիրառվում են ծրագրի արդյունքները։
Մեր համալսարանում կայացած հանդիպմանը մասնակցել են «ԱՐԱՐԱՏ» ծրագրի կառավարման թիմի անդամներ՝ որակի ապահովման բաժնի աշխատակիցներ Անի Բաղդասարյանը և Աննա Փախլյանը, ուսումնամեթոդական աշխատանքների ծառայության ղեկավար Գայանե Մերդինյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը, ծրագրի հայաստանյան գործընկեր համալսարանների և հաստատությունների ներկայացուցիչները։ Ներկայացվել ու քննարկվել են «ԱՐԱՐԱՏ» ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները, դրանց կիրառումը, ինչպես նաև այն գործողությունները, որոնք կատարվում են և անհրաժեշտ են ծրագրի շարունակականության ու կայունության ապահովման համար։ Մասնավորապես, ներկայացվել են ծրագրի աշխատանքային առաջին՝ «Կարողությունների զարգացում» փաթեթի շրջանակում հայաստանյան գործընկեր համալսարաններում ստեղծված համալսարան-աշխատաշուկա կապի ապահովման ներհամալսարանական միավորների գործունեությունն ու ծրագրի արդյունքում և ավարտից հետո վերանայված ու փոփոխված գործառույթները։ Քննարկվել են կոնսորցիումի անդամ համալսարաններում կիրառվող ու գործող համալսարան-աշխատաշուկա համագործակցության ապահովման և այդ գործընթացում հիմնական շահակիցների՝ ուսանողների ներգրավման մեխանիզմները, որոնք ստեղծվել են ծրագրի արդյունքում։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ներկայացրել է բուհ-գործատու երկխոսության մշակված նոր մոդելի կիրառման փորձը և դրա հիմնական սկզբունքները։ Բուհ-գործատու համագործակցության մոդելը ներկայացվել է նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ֆորումի և ՈԱԱԿ-ի՝ «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով շահակիցների 4-րդ ֆորումի ժամանակ։ Առաջարկվող մոդելը «ԱՐԱՐԱՏ» ծրագրի շրջանակներում հաջողությամբ փորձարկվել է կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների ու մանկավարժության, այնուհետև ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ նաև թարգմանչության ոլորտներում։
«ԱՐԱՐԱՏ» ծրագրի կարևոր ձեռբերումներից էր ոլորտային որակավորումների շրջանակի կազմման մեթոդաբանության («Ոլորտային որակավորումների շրջանակի կիրառման ձեռնարկ») մշակումը, որին համապատասխան մշակվել և հրատարակվել են՝
- «Կառավարում» ոլորտի որակավորումների շրջանակը,
- «Ծրագրային համակարգերի ճարտարագիտություն» ոլորտի որակավորումների շրջանակը,
- «Կրթություն/մանկավարժություն» ոլորտի որակավորումների շրջանակը։
Ծրագրի գործընկերները ներկայացրել են նաև, թե ինչպես են ոլորտային որակավորումների մշակված շրջանակները կիրառվում կրթական գործընթացի բարելավման, ինչպես օրինակ, ուսումնառության՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող և բավարարող վերջնարդյունքների սահմանման համար։
Հիշեցնենք, որ «ԱՐԱՐԱՏ» ծրագրի նպատակն էր բարձրագույն կրթության արդիականության ու փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին և պահանջներին համապատասխանության ապահովումը՝ Հայաստանում համալսարան-աշխատաշուկա համագործակցության ցանցի ստեղծման ու գործարկման միջոցով։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին