«Կոմիտասյան գարունը» հասավ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ

Դիտումների քանակ՝ 1123

Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են: Հայ երաժշտության մեծ վարպետի հիշատակի համերգները վերաարժևորում, տարածում ու քարոզում են իրական ազգային երգ-երաժշտությունը, այն խնամքով պահել-պահպանելու՝ Կոմիտասի խորախորհուրդ պատգամը:

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի մշակութասեր ուսանողուհի Հեղինե Հախնազարյանը մարտի 28-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տաղանդաշատ սաների մասնակցությամբ, կյանքի կոչեց «Կոմիտասյան գարուն»  միջոցառումը, որի արձագանքը ոգեշնչեց ու սկիզբ դարձավ նոր նախաձեռնության. մայիսի 16-ին նույն բովանդակությամբ ցերեկույթ տեղի ունեցավ Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում՝ ՀՊՏՀ մասնաճյուղում:

Հեղինե Հախնազարյանի փոխանցմամբ՝ լայն արձագանք ստացավ նաև այս ցերեկույթը: Գյումրու Գոհար երգչախմբի երգիչների, Երևանի պետական Կոնսերվատորիայի և դրա Գյումրու մասնաճյուղի սաների կատարմամբ հնչել են «Սարի աղջիկ», «Կռունկ», «Կոմիտասյան շարան», «Տեր ողորմեա» և այլ երգեր: Միջոցառմանը մասնակից են եղել ՀՊՏՀ գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ Կարեն Պետրոսյանը, դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ, ազգային երգարվեստի սիրահարներ:

Հեղինե Հախնազարյանը երաժշտական կատարումներն ընդմիջել է Կոմիտասի կյանքի մասին դրվագներ ներկայացնելով:

«Միջոցառումը կարևոր էր նաև միջբուհական շփումն ակտիվացնելու տեսանկյունից: Խանդավառված էին բոլորը: Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ-ն հորդորեց ուսանողներին առավել ակտիվ լինել և հաճախակի նախաձեռնել կրթօջախները կամրջող կրթական, մշակութային և այլ միջոցառումներ»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց կազմակերպիչը՝ հերթական «Կոմիտասյան գարունը» ստացված համարելով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին