«Նախագծերի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի մեկնարկ՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում
Հայաստանի պետական տնտեսագիտական (ՀՊՏՀ), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային (ՃՇՀԱՀ) և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանները (ՎՊՀ, Իսպանիա) 2017թ. ապրիլի 4-ին կնքված միջհամալսարանական համագործակության եռակողմ համաձայնագրի ու ՀՊՏՀ և ՃՇՀԱՀ միջև 2017 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված համաձայնագրի հիման վրա 2017-2018 ուսումնական տարվանից իրականացնում են «Նախագծերի կառավարում» (զբոսաշրջության, մշակութային ժառանգության կառավարման և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտներում) մագիստրոսական համատեղ կրթական ծրագիրը։ Միջառարկայական ուղղվածությամբ համատեղ կրթական ծրագիր մշակելու և իրականացնելու գաղափարը, որը ենթադրում է տնտեսագիտական և կառավարման իմացության մեկտեղում տեխնիկական գիտելիքի ու հմտությունների հետ, առաջացել է Եվրոպական Միության «Էրազմուս+»-ի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում («ՀԵՐԻՏԱԳ»)» (“HERITAG”, № 561555-EPP-1-2015-1-ES-EPPKA2-CBHE-JP) ծրագրի շրջանակում: «Նախագծերի կառավարում» համատեղ կրթական ծրագրով նախատեսված է մեկական տարով ուսուցման կազմակերպում հայաստանյան համալսարաններում և ՎՊՀ-ում՝ Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Ռիմինիի մասնաճյուղում փորձառություն անցնելու հնարավորությամբ։
Հայաստանում և Իսպանիայում ուսումնառության հաջող ավարտի դեպքում մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի ուսանողները ստանալու են երկու որակավորում՝ ՀՊՏՀ և ՃՇՀԱՀ համատեղ դիպլոմ և ՎՊՀ դիպլոմ։
Նոյեմբերի 19-ին ՎՊՀ-ում տրվել է «Նախագծերի կառավարում» համատեղ կրթական ծրագրի՝ Վալենսիայում իրականացվող ուսումնառության մեկնարկը՝ ՎՊՀ-ի պրոռեկտոր Խոսե Միլեի և «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի համակարգող Լուիս Ֆերնանդեսի կողմից։ Ինչպես հայտնում են որակի ապահովման բաժնի մեր գործընկերները, կրթական ծրագրի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը և որակի ապահովման բաժնի պետ, «Նախագծերի կառավարում» համատեղ կրթական ծրագրի ղեկավար Ներսես Գևորգյանը։
2018-2019 ուսումնական տարում «Նախագծերի կառավարում» կրթական ծրագրով ՎՊՀ-ում ուսանելու են 11 ուսանողներ, ովքեր ուսումնառության ավարտին ստանալու են մշակութային զբոսաշրջության երկրատեղեկատվական կառավարման մագիստրոսի որակավորում։
ՎՊՀ-ում կազմակերպվող ուսումնառության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին