Դասախոսություն՝ նվիրված Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակին
ԱՊՀ գործադիր կոմիտեի նախաձեռնությամբ և ԱՊՀ տնտեսական խորհրդի հաստատած միջոցառումների ծրագրով համագործակցության անդամ երկրների ուսումնական հաստատություններում անցկացվել են ԱՊՀ 30-ամյակին նվիրված միասնական դասեր:
Միանալով այս նախաձեռնությանը՝ մեր համալսարանում նույնպես անցկացվել է նշված թեմատիկայով դաս. «Անկախ պետությունների համագործակցություն. 30 տարվա դիտակետից» խորագրով ընդլայնված դասախոսությամբ է հանդես եկել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը:
Բանախոսն իր ելույթն սկսել է Անկախ պետությունների համագործակցության կազմավորման նախադրյալներին, ժամանակաշրջանի բնութագրական իրադարձություններին անդրադարձով, ներկայացրել գործունեության փուլերը, կառուցվածքը, ինտեգրացիոն քաղաքականությունը, տնտեսական համագործակցության հիմնական ցուցանիշները:
Դասախոսությունն ընդմիջվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյա անկախությանը նվիրված ֆիլմի ցուցադրությամբ, որն ընդգրկում էր ԱՊՀ անդամակցության սկզբից մինչև մեր օրերը ձգվող կարևոր իրադարձությունների հետահայաց վերլուծություն. Սպիտակի ավերիչ երկրաշարժ, Անկախության հանրաքվե, Արցախյան ազատամարտ, բանակաշինություն, էներգետիկ ճգնաժամ, բանկային համակարգի վերածնունդ, հայկական արժույթի ստեղծում և այլն:
30 տարվա դիտակետից համակողմանի և անաչառ կերպով մեկնաբանելով ՀՀ-ի՝ ԱՊՀ-ին անդամակցության առանցքային հիմնախնդիրները, երբեմն՝ բարդ ու հակասական հարցերը՝ պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը համադրել է սպասելիքները, նպատակները, հեռանկարները, պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին: