ՀՊՏՀ-ում կայացավ «Միներվա» ծրագրի մշտադիտարկման հանդիպումը, որտեղ ՀՊՏՀ արդյունքները բարձր գնահատականի արժանացան
ՀՊՏՀ-ում հոկտեմբերի 5-ին կայացավ ԵՄ «Էրազմուս+» ՀԳ2 նախագծի «Միներվա» ծրագրի («Հետազոտությունների կառավարման և հանրամատչելի գիտության կարողությունների
հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») մշտադիտարկման հերթական հանդիպում-խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, ծրագրի համակարգող, Մոլդովայի տնտեսագիտական ակադեմիայի միջազգային գծով պրոռեկտոր Օլեսյա Սիրբուն, ՀՊՏՀ ֆոնդահայթայթման բաժնի պետ, ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը, ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը, խմբի անդամներ, ուսանողներ և ասպիրանտներ:
Տնտեսագիտական համալսարանը ծրագրին անդամակցում է 2019 թվականից և դրա շրջանակում իրականացնում է ՀՊՏՀ ռազմավարությունից բխող գիտահետազոտական ոլորտի ինքնավերլուծություն։
Ողջունելով ներկաներին՝ Դիանա Գալոյանն ընդգծեց, որ «Միներվա» նախագիծն առանձնահատուկ կարևորություն ունի ՀՊՏՀ-ի համար․ «Մեր առջև դրված առաջադրանքները երկու հիմնական փուլ են ներառում՝ ապահովել բուհի անդամակցությունը EURAXESS նախաձեռնությանը և պլանավորել «Մարդկային ռեսուրսների գերազանցություն հետազոտության ոլորտում» գերազանցության աստիճան ստանալուն ուղղված քայլերի հաջորդականությունը։ Թե որքանով ենք հաջողել այս փուլում, կարծում եմ՝ ծրագրի համակարգողն ավելի օբյեկտիվ գնահատական կտա։ Ինչևէ, համոզված եմ, որ մեր համագործակցությունը երկարատև է լինելու, և այս ծրագրի բարեհաջող ավարտից հետո միասին կիրագործենք այլ նախագծեր ևս»։
Ի պատասխան՝ ծրագրի համակարգող, Մոլդովայի տնտեսագիտական ակադեմիայի միջազգային գծով պրոռեկտոր Օլեսյա Սիրբուն հույս հայտնեց, որ համագործակցության այս վերջին տարին ևս կանցնի բարեկամական ու գործընկերային ջերմ մթնոլորտում։ Անդրադառնալով «Միներվա» ծրագրի թիրախային նպատակադրումներին, կատարված աշխատանքներին ու ձեռքբերումներին՝ Օլեսյա Սիրբուն գոհունակությամբ նշեց, որ ՀՊՏՀ-ն լուրջ և հետևողական աշխատանք է իրականացրել թե՛ EURAXESS-ին անդամակցության, թե՛ գերազանցության աստիճանին հասնելու ուղղությամբ․ «Պետք է խոստովանեմ, որ մենք ամբիցիոզ թիմ ենք․ բավականին բարձր նշաձող ենք սահմանել մեզ համար և փորձում ենք հասնել դրան։ Ուրախ եմ հայտնել, որ նախագծի գործընկեր համալսարանների շարքում Տնտեսագիտական բուհն իր առջև դրված խնդիրները, այս ծրագրի մասով, լավագույնս է կատարել»։
Ծրագրի ՀՊՏՀ համակարգող Ներսես Գևորգյանի խոսքով՝ «սա հաշվետվություն էր արածի ու նաև՝ չարածի»․ «ՀՊՏՀ ակադեմիական հանրույթն արդեն իսկ ընդունել է բաց գիտության սկզբունքների կարևորությունն ու առավելությունը։ Ուրախ եմ, որ մեր աշխատանքը գնահատվել է դրական, իսկ դրական արդյունքի դեպքում «Մարդկային ռեսուրսների գերազանցություն հետազոտության ոլորտում» ("HR Excellence in Research") մենք գերազանցության տիտղոս կստանանք, որը ցույց կտա, որ հետազոտական և գիտության ոլորտում մարդկային ռեսուրսների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման քաղաքականությունը մեր բուհում լավ հիմքերի վրա է»։
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը նշեց, որ սա առաջին մշտադիտարկումն էր, և բոլոր կետերով, փաստացի, ՀՊՏՀ-ն գերադրական աստիճանի գնահատականների արժանացավ։ Ինչ վերաբերում է EURAXESS-ին անդամակցությանը, ապա ՀՊՏՀ ներկայացրած հայտն արդեն փորձաքննության փուլում է: ««Միներվայի» շրջանակներում EURAXESS-ին անդամակցությունը պարտադիր պայման էր։ Այս ընթացքում մենք հետազոտական ինքնավերլուծություն կատարեցինք՝ թերությունների, բացերի վերհանում, յուրաքանչյուր բացի վերացման ուղղությամբ գործողությունների առաջադրում։ Կարևորել ենք «բաց գիտության» (openAIRE) համակարգի, հետազոտությունների բազայի ներդրման, հակագրագողության համակարգի ձևավորման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Առաջին փուլը մենք հաղթահարել ենք, ի դեպ, լոկ մասնակի վերափոխություններից հետո, այժմ փորձաքննության 2-րդ փուլում ենք։ Հուսով եմ՝ այս փուլում էլ ենք հաջողելու»,- նշեց Եվգենյա Բազինյանը։
Նշենք, որ «Միներվա» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 7-8-ը ԵՊՀ-ում կկայանա կրթության հասանելիության վերաբերյալ միջազգային գիտաժողովը։
Մոլդովայի տնտեսագիտական ակադեմիայում մեկնարկած «Միներվա» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության «Էրազմուս+» ծրագրով, միտված է հզորացնելու Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարումը, գիտությունը դարձնելու առավել հասանելի ու մատչելի: Այն ներառում է հետազոտական ոլորտում տեխնիկական և բովանդակային ենթակառուցվածքների ստեղծում և հզորացում, գրագողության և ակադեմիական էթիկայի խախտումների դեմ պայքարի ծրագրի ներդրում, հետազոտությունների բազայի ստեղծում և ներդրում։
Ծրագրի հայաստանյան մասնակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանները։