Ավարտվեց «Դասախոսական գավաթ-2023»-ը․ հայտնի են ուժեղագույն թիմերն ու մարզիկները

06.02.2023
Դիտումների քանակ՝ 1396

Տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի (ՀՈՒՄՖ) նախաձեռնությամբ ավելի քան 10 տարի շարունակ անցկացվող «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերն ավարտված են։ Համալսարանական սպորտի ամենամյա միջոցառումն այս տարի ընթացավ հունվարի 31-ից փետրվարի 3-ը և աչքի ընկավ ոչ միայն մասնակից թիմերի թվաքանակով, այլև աննախադեպ ակտիվությամբ. 5 մարզաձևերում՝ հրաձգություն, սեղանի թենիս, արագ շախմատ, ձգում հարթակից և պարանի ձգում, իրենց ուժերը չափեցին հայաստանյան 15 բուհերի շուրջ 200 դասախոսներ և աշխատակիցներ։

Մարզական տոնը եզրափակվեց հանդիսավոր մրցանակաբաշխությամբ․ ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը և միջոցառման կազմակերպիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ, ՀՈՒՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանը մեդալներով, գավաթներով ու հուշանվերներով պարգևատրեցին առաջնությունների 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ գրաված թիմերին ու մասնակիցներին։

Այսպիսով, «Ձգում հարթակից» մարզաձևում տարբեր քաշային կարգերում չեմպիոնի տիտղոսին արժանացան Արման Գուլյանը (ՀՊՏՀ), Վարդան Ներսիսյանն ու Եղյա Յայլյանը (ՀՖԿՍՊԻ), Գևորգ Զաքարյանը (ՀԱՊՀ) ու Գրիգոր Հարությունյանը (ՀԵՀ), Հովհաննես Գաբրիելյանը (ՀՊՏՀ) զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Նշենք, որ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Արման Գուլյանի ցուցաբերած արդյունքը համապատասխանում է միջազգային չափանիշներին՝ հնարավորություն տալով նրան ընդգրկվելու Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիայի հավաքականի կազմում։

«Պարանի ձգում» և «Սեղանի թենիս» առաջնությունների թիմային պայքարում հաղթող դարձավ ՀՖԿՍՊԻ-ն։ Գեղեցիկ ու լարված խաղերի արդյունքում ՀՊՏՀ-ն երկու սպորտաձևում էլ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Իսկ ահա հրաձգության առաջնության թիմային հաշվարկում առաջատարը ՀԱԱՀ-ն էր։

«Հրաձգություն» մարզաձևում աղջիկներից հաղթող ճանաչվեց Ելենա Հակոբյանը (ՀՖԿՍՊԻ), տղաների պայքարում՝ Դավիթ Կարապետյանը (ԵՊՀ)։ ՀՊՏՀ աշխատակից Էդգար Մկրտչյանն արժանացավ 3-րդ մրցանակին։

Արագ շախմատի առաջնության տղաների պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ասքանազ Ճերմակյանը (ԵՊԲՀ), աղջիկների պայքարում՝ Մարիամ Մանուկյանը (ԵՊՀ)։ ՀՊՏՀ աշխատակից Անուշ Իսոյանը գրավեց 3-րդ հորիզոնականը։

Շնորհավորելով «Դասախոսական գավաթ-2023»-ի հաղթողներին ու մասնակիցներին՝ Հովհաննես Գաբրիելյանը հույս հայտնեց, որ շուրջ մեկ տասնամյակ մարզական այս միջոցառումը պատվով է իրականացնում հանրապետության բուհերում սպորտը մասսայականացնելու իր հիմնական առաքելությունը։ «Վստահ եմ՝ տարեցտարի ավելի կընդլայնենք մեր սահմանները՝ առողջ մրցակցության առաջնություններում ընդգրկելով մեծաթիվ մարզիկ-մարզասերների»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը։

Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՊՀ դասախոս Գագիկ Սարոյանը «Դասախոսական գավաթ» խաղերի մշտական մասնակիցներից է։ Կարծում է՝ այս առաջնության արդյունքները ոգևորիչ կարող են լինել ուսանողների համար․ «Դասախոսները, մասնակցելով ուժային մարզաձևերին, իրենց փորձն ու գիտելիքը փոխանցում են ուսանողներին, ինչը շատ կարևոր է․ չէ՞ որ այսօրվա մարզված ուսանողը մեր վաղվա զինվորն է»։

ԵՊՀ ներկայացուցիչ, սպորտի վարպետ Աշոտ Սարգսյանի խոսքով՝ նմանատիպ առաջնությունները լրացուցիչ խթան են՝ ավելի եռանդով աշխատելու, այդ եռանդը ուսանողին փոխանցելու․ «Պատկերացնո՞ւմ եք՝ 20-30 տարի սպորտը թողած մարզիկների համար, որոնցից մեկը ես եմ, ինչպիսի խանդավառություն են առաջացնում այս խաղերը․ մի նոր, երիտասարդական ավյունով ենք մասնակցում, շահում մեդալներ։ Շնորհակալ ենք Ուսանողական մարզական ֆեդերացիային՝ նման նախաձեռնությունների համար»։

Խաղերի լուսանկարային շարքը տե՛ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։