«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ում հյուրընկալվել է Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի դասախոսը
Տնտեսագիտական համալսարանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալել է Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի դասախոս Աննա Զիելինսկա-Չմիելևսկային, որը դասախոսություններ է կարդացել ՀՊՏՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար:
Այս մասին հայտնում են մեր համալսարանի արտաքին կապերի բաժնից և մանրամասնում, որ հոկտեմբերի 29-ին Աննա Զիելինսկա-Չմիելևսկան աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի ուսանողների, դասախոսների և անձնակազմի կառավարման բաժնի աշխատակիցների համար պարզաբանել է կադրերի հավաքագրման և ընտրության սկզբունքները, ներքին և արտաքին աղբյուրներից աշխատակիցների ներգրավման առավելությունները և թերությունները, ինչպես նաև ներկայացրել Լեհաստանի՝ նշված ոլորտի փորձը: Դասախոսությանը ներկա են եղել նաև էրազմուսականներ, որոնք նախորդ ուսումնական տարվա վերջին կիսամյակն անցկացրել են Լեհաստանի մի շարք համալսարաններում, այդ թվում՝ Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում:
ՀՊՏՀ-ն, կարևորելով բոլոր մասնաճյուղերի և կառուցվածքային ստորաբաժանումների համաչափ զարգացումը, ջանքեր չի խնայում դրանց՝ միջազգային բոլոր ծրագրերի շրջանակներում ներգրավելու գործում. հյուրընկալված դասախոսը այցելել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ և ՀՊՏՀ ֆինանսատնտեսական քոլեջ: Հոկտեմբերի 30-ին Աննա Զիելինսկա-Չմիելևսկան իր տեսական և գործնական գիտելիքներն է փոխանցել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողներին: Պոզնանի համալսարանի ներկայացուցչի դասախոսությունների շարքը եզրափակվել է հոկտեմբերի 31-ին՝ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում:
Բոլոր հանդիպումներն անցկացվել են դասապրոցեսում ուսանողների ակտիվ ներգրավման և մասնակցային դասախոսությունների ձևաչափով: Լեհաստանից ժամանած հյուրն էլ բանիմաց և ակտիվ ուսանողներին պարգևատրել է զանազան նվերներով և քաղցրավենիքով: Նա ուսանողներին է բաժանել նաև առաջադրանքներ պարունակող թեստեր և պատրաստակամություն հայտնել վերադառնալուն պես կապ հաստատել նրանց հետ՝ արդյունքների ամփոփման և ճշգրտման նպատակով:
Աննա Զիելինսկա-Չմիելևսկան Հայաստանից մեկնել է վառ տպավորություններով՝ իր հետ տանելով ազգային տարրեր պարունակող հուշանվերներ և հայկական գինի:
Փոխանակային դասախոսների այցելությունները շարունակվելու են նաև ընթացիկ ուսումնական տարում, և առաջիկայում ՀՊՏՀ-ն հյուրընկալելու է եվրոպական այլ առաջավոր համալսարանների ներկայացուցիչների, ովքեր իրենց փորձը և գիտելիքներն են հաղորդելու համալսարանի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին