2018-19 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում զեղչվել է 634 ուսանողի ուսման վարձ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր կայացավ ռեկտորատի նիստ, որի օրակարգային միակ հարցը 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման վերաբերյալ մանդատային հանձնաժողովի որոշման հաստատումն էր: Հարցը զեկուցեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը՝ նշելով, որ 2018-19 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում զեղչվել է 634 ուսանողի ուսման վարձ` սահմանված շուրջ 500-ի փոխարեն, ապա ներկայացրեց մանրամասները: Ռեկտորատի անդամները քննարկեցին հարցը, ապա հաստատեցին մանդատային հանձնաժողովի որոշումը:
Եվ այսպես, ըստ ՀՊՏՀ ուսումնական բաժնի տրամադրած տվյալների, 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակում բակալավրիատում ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) իրավունք է տրամադրվել 65 և ավել ՄՈԳ ունեցող ուսանողներին, իսկ մագիստրատուրայում՝ 90 և ավել ՄՈԳ ունեցող ուսանողներին:
Ուսման վարձի 50 տոկոսի չափով մասնակի փոխհատուցման իրավունք է տրվել ապրիլյան քառօրյա պատերազմի 108 մասնակցի, ովքեր մասնակցել են 2016թ. ապրիլի 2-6-ի մարտական գործողություններին:
Թեև ուսանողների թիվը թե´ բակալավրիատում, թե´ մագիստրատուրայում գերազանցել է վճարովի համակարգում սովորող ուսանողների ընդհանուր համակազմի տասը տոկոսը, ռեկտորատը որոշում կայացրեց համալսարանի միջոցների հաշվին ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) իրավունք տրամադրել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած 50-64.99 ՄՈԳ ունեցող բակալավրիատի 103 ուսանողի և 80-89.99 ՄՈԳ ունեցող մագիստրատուրայի 2 ուսանողի՝ 30 տոկոսի չափով՝ եկամտային հարկի պահումով: Ընդհանուր առմամբ, համալսարանում ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունք է ստացել մարտական հերթապահություն իրականացրած 195 ուսանող:
Ի թիվս այլ տարակարգերի՝ 2018-19 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում զեղչվել են ներքոհիշյալ տարակարգերի ուսանողների ուսման վարձերը՝
1. ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, ուսումնառության ընթացքում ուսումնական կիսամյակների առնվազն կեսն անընդմեջ (ներառյալ վերջին կիսամյակը) միայն A+, A, A- գնահատականներ ունեցող 103 ուսանողներ
2. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում` հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող 16 ուսանող
3. 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող)` 89 ուսանող
4. սոցիալական անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) 18 ուսանող
5. երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների 11 ուսանող
6. երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների 7 ուսանող
Համալսարանում ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցումն իրականացվում է սույն կարգի համաձայն:
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանատ:
Այնուհետև ֆակուլտետների դեկաններն անդրադարձ կատարեցին ընթացիկ մի քանի հարցերի, որոնք հիմնականում համալսարանի ռեկտորին ուղղված ուսանողների դիմումներն էին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին