ՀՊՏՀ դասախոսները՝ միջազգային ամառային շաբաթի մասնակից
«Էրազմուս+»-ի միջազգային շարժունության ծրագրի շրջանակում Իսպանիայի Լեոնի համալսարանում հուլիսի 10-14-ը կայացած միջազգային ամառային շաբաթին գործուն մասնակցություն են ունեցել ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Սոս Խաչիկյանը և տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, դոցենտ Արմեն Ղազարյանը։ Միջազգային ամառային շաբաթը նվիրված է եղել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։
ՀՊՏՀ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Լեոնի համալսարանի Պոնֆեռադայի կամպուսի ռեկտորի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի հետ, քննարկել թվային տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում համատեղ գիտական հետազոտություններ իրականացնելուն, փոխայցելություններն ակտիվացնելուն ուղղված հարցեր։ Միաժամանակ, քննարկումների ընթացքում գործընկեր համալսարանների ներկայացուցիչները բացահայտել են գիտակրթական, ուսումնական, հետազոտական բնույթի ընդհանուր հետաքրքրություններ ու ծրագրեր՝ երկու բուհերի համար նախանշելով համատեղ գործունեության գրավիչ հեռանկարներ։
Սոս Խաչիկյանը և Արմեն Ղազարյանը օտարերկրացի գործընկերներին ներկայացրել են Հայաստանն ու ՀՊՏՀ-ն՝ անդրադառնալով մեր բուհի կրթական ծրագրերին, միջազգայնացման գործընթացին, գիտահետազոտական գործունեությանը։ Տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սոս Խաչիկյանը խոսել է երկու բուհերի համագործակցության շարունակականության մասին, ընդգծել տեսանելի հնարավորությունները փոքր բիզնեսի, զբոսաշրջության և նորարարությունների ոլորտներում։
ՀՊՏՀ պատվիրակների այցը հագեցած է եղել ճանաչողական հանդիպումներով, մշակութային միջոցառումներով․ ծանոթություն գինեգործության, շոկոլադի արտադրության ոլորտների գործարարների հետ, հյուրընկալություն, համտես, զբոսաշրջային այցեր տեսարժան վայրեր ու մշակութային օջախներ։