Ամառային դպրոց Դեմոկրիտի համալսարանում․ ՀՊՏՀ ասպիրանտները վերադարձել են նոր գիտելիքով և փորձառությամբ զինված

21.07.2023
Դիտումների քանակ՝ 860

Հայաստանի պետական տնտեսագիտական և Թրակիայի Դեմոկրիտի (Հունաստան) համալսարանների համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ասպիրանտներ Քրիստինե Թաթոսյանը և Անի Արշակյանը ս․թ․ հուլիսի 3-8-ը հիշյալ համալսարանում մասնակցել են «Խելացի բիզնես և բանականություն տրանսպորտի, զբոսաշրջության և մատակարարման շղթայում» խորագրով միջազգային ամառային դպրոցին, որի ընթացքում կազմակերպվել են դասախոսություններ, պանելային քննարկումներ, ծանոթություններ ու հանդիպումներ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ։

ՀՊՏՀ ասպիրանտները հանդիպել են Դեմոկրիտի համալսարանի պրոֆեսորներ Դիմիտրիոս Դիմիտրիուի, Վիկտորիա Պիստիկուի և Հունաստանի Արտադրության ճարտարագիտության և կառավարման դպրոցի պրոֆեսոր Կոնստանտինոս Ցագկարակիսի հետ։ Վերջինս մասնակիցների հետ նախնական քննարկումներ է ունեցել առաջիկա միջազգային գիտաժողովին մասնակցելու թեմատիկ հետաքրքրությունների շուրջ:

Քրիստինե Թաթոսյանը և Անի Արշակյանը քննարկումների են մասնակցել նաև աշխարհում շրջանաձև տնտեսության զարգացման միտումների՝ տարբեր երկրների փորձի վերաբերյալ, դասախոսություններ ունկնդրել հետևյալ թեմաներով՝ «Էներգետիկայի քաղաքական տնտեսություն. մեթոդաբանություն, պրակտիկա և դեպքերի ուսումնասիրություն», «Նպատակային շուկայավարման ասպեկտներն ու մարտահրավերները», «Տարածական տվյալներ. վիզուալացում և ներդրում մատակարարման շղթայի կառավարման մեջ» և այլն:

ՀՊՏՀ ասպիրանտների հավաստմամբ՝ ամառային դպրոցն անցել է հագեցած օրակարգով՝ ներառելով տնտեսագիտական արդիական հիմնախնդիրներ և երիտասարդ գիտնականներին համախմբել է արդյունավետ քննարկումների հարթակում։

Գիտահետազոտական ուղին ընտրած մեր մասնակիցները վերադարձել են նոր գիտելիքով և փորձառությամբ զինված և, իհարկե, հարուստ տպավորություններով։