Լևոն Արոնյանը շախմատի դասախոսական առաջնության մասնակիցների հետ միասնական սեանս է անցկացրել

Դիտումների քանակ՝ 1611

Շարունակվում են ՀՊՏՀ-ի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից կազմակերպվող «Դասախոսական գավաթ» ամենամյա միջբուհական խաղերը: Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կայացել է շախմատի առաջնությունը, որին հյուրընկալող բուհի ղեկավար Դավիթ Խիթարյանի հրավերով, որպես հատուկ հյուր, ներկա է եղել աշխարհահռչակ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, 2005-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը:

«Դասախոսական գավաթ» միջբուհական խաղերի շրջանակում Լևոն Արոնյանը միասնական սեանս է անցկացրել մասնակիցների հետ: Այս մասին asue.am-ին հաղորդեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը:

Առաջնությանը մասնակցել են 7 բուհերի ներկայացուցիչներ:

Նշենք, որ միջբուհական խաղերի շրջանակներում հունվարի 31-ին կայացել է սեղանի թենիսի առաջնությունը, որը հյուրընկալել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: «Դասախոսական գավաթ»-ի շրջանակներում տեղի ունեցող բոլոր առաջնությունների արդյունքները կհրապարակենք առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին