ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Լուսինե Խուրշուդյան
Շարքը ներկայացնում է ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շրջանավարտ, շարունակական կրթության բաժնի աշխատակից Լուսինե Խուրշուդյանին։
–Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։
–Բուհն ինձ համակողմանի գիտելիք է տվել, որը կիրառում եմ ամենօրյա աշխատանքում, ինչպես նաև՝ վառ ուսանողական տարիներ, հրաշալի դասընկերներ, լավ հիշողություններ ու սքանչելի միջավայր։
–Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։
–Ստեղծագործ, ուսուցանող ու զարգացնող։
-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
–Այս փուլում հետաքրքրված եմ արհեստական բանականությամբ, ուսումնասիրում եմ, հետազոտում, խորացնում եմ անգլերենի իմացությունը, քանի որ շատ եմ կարևորում այն։ Սիրում եմ նաև զբոսնել, գիրք կարդալ, ընկերների հետ ժամանակ անցկացնել։
–Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։
–Խաղաղ ու ապահով հայրենիք ունենալը։
–Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։
–Իմ ամենօրյա մոտիվացիան արժեք ստեղծելու ձգտումն է ու դրա համար ինձ ընձեռված հնարավորությունը, համեղ սուրճն ու արևոտ եղանակը։
–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։
–Խորհուրդ եմ տալիս լսել սրտի ձայնը և գնալ երազանքի հետևից, չտարվել «նորաձև» մասնագիտություններով, ինչպես նաև հիշել, որ երբեք ուշ չէ ինչ-որ բան սկսել զրոյից։