ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Սուսաննա Մխիթարյան
Շարքն այսօր ներկայացնում է ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ, որակի ապահովման բաժնի աշխատակից Սուսաննա Մխիթարյանին։
-Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։
-Բուհական կրթության շնորհիվ են ձևավորվել և հղկվել իմ մասնագիտական ու անձնային որակները, մասնավորապես՝ որոշումներ ընդունելու և պատասխանատվություն ստանձնելու կարողությունները, հաստատակամությունը, նպատակասլացությունը։
-Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։
–Որակի ապահովման բաժնում աշխատանքն առնչվում է բուհի ամբողջ գործունեությանը, որը բազմաբովանդակ է և շատ հետաքրքիր։ Բաժինը մշակում է որակի ներքին ապահովման գործընթացները կարգավորող փաստաթղթային փաթեթներ և հետևում իրականացմանը, ապահովում է մասնագիտական կրթական ծրագրերի մշակում և որակի հսկողություն, որպեսզի ՀՊՏՀ շրջանավարտը լինի մրցունակ և ունենա աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիք, հմտություններ և կարողություններ։
-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
–Հետաքրքրություններս շատ են, թերևս, առանձնացնեմ դրանցից մի քանիսը՝ սիրում եմ կարդալ ինչպես մասնագիտական, այնպես էլ գեղարվեստական գրականություն, դիտել որակյալ ֆիլմեր, լսել լավ երաժշտություն, ինձ համար շատ կարևոր է սպորտը, մասնավորապես՝ մեծ թենիսը։
-Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։
–Շարունակելով հետաքրքությունների թեման՝ այս պահին առաջնային երազանք, որը, կարելի է ասել, դարձել է նպատակ, Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությանը՝ Ռոլան Գարոսին (Roland-Garros) ներկա գտնվելն է։ Հուսով եմ՝ իրականություն կդառնա, քանի որ ամռանը նախատեսում եմ մեկնել Ֆրանսիա։
-Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։
–Շարունակական բարելավման միջոցով նպաստել այնպիսի կրթական միջավայրի ձևավորմանը, որտեղ ինքս կցանկանայի ուսանել։
-Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։
–Շա΄տ կարդացեք ու փորձե΄ք սահմանել այն առաջնահերթությունները, որոնք կարևոր են ձեր կյանքի հենց տվյալ փուլում հավասարակշռության հասնելու համար։ Մի΄ վախեցեք անհաջողություններից․ կյանքի ցանկացած ձախողում նոր սկիզբ է։ Ինքնակատարելագործվե΄ք ու կերտե΄ք այն ապագան, որտեղ դուք ձեզ ներդաշնակ ու մոտիվացված կզգաք։