ՌԴ պրոֆեսորը վարպետության դաս վարեց ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1404

«Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի օրերը ՀՀ-ում» միջոցառումների շրջանակում (Ազգային հետազոտական համալսարան, ՌԴ, https://www.hse.ru/) «Investor» ամսագրի վարկածով ՌԴ լավագույն վերլուծաբան, նշված համալսարանի դասախոս Ալեքսանդր Կուդրինը երեկ ՀՊՏՀ-ում վարպետության դաս վարեց «Ներդրումային վերլուծաբանի մասնագիտությունը. աշխատանքի առանձնահատկությունները և կարիերայի հնարավորությունները» թեմայով:
Մինչ այդ ՀՊՏՀ և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի միջև համագործակցության շրջանակներում նշված դպրոցի պատվիրակությանն ընդունել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։ Արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ կողմերը քննարկել են համալսարանների միջև համագործակցության խորացման նպատակով մի քանի առանցքային հարցեր, որոնց իրականացման վերաբերյալ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։ Մասնավորապես՝ քննարկվել են այս տարվա ապրիլին Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի կողմից կազմակերպվող գիտաժողովին ՀՊՏՀ ներկայացուցիչների մասնակցությանը, ինչպես նաև հետագայում համատեղ գիտաժողով նախաձեռնելուն, ամառային համատեղ դպրոցի կազմակերպմանը, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի կողմից ՀՊՏՀ ուսանողների համար երկշաբաթյա փորձառության անցկացմանը և համատեղ կրթական ծրագրի մշակման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների մեկնարկին վերաբերող հարցեր։
Հաջորդիվ, համալսարանի նիստերի սրահում տեղի ունեցավ վարպետության դասը, որն ունկնդրելու էին եկել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցների և ուսանողներ՝ այդ թվում այլ բուհերից: Բաց դասախոսության մեկնարկից առաջ հյուրերին ներկայացրեց և ունկնդիրներին ողջունեց միջոցառման կազմակերպիչ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, ապա ամբիոնը տրամադրեց դպրոցի օտարերկրացի ուսանողների ներգրավման բաժնի տնօրեն Ալեքսանդր Դեևին: Վերջինս տեղեկատվություն հաղորդեց «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» մասին, նշեց, որ այն բազմապրոֆիլ է, բացի տնտեսագիտական մասնագիտություններից, իրականացնում է ուսուցում նաև այլ մասնագիտությունների գծով (քիմիա, լեզուներ և այլն): Նա կանգ առավ օտարերկրացի ուսանողների ուսուցման կազմակերպման հարցերի վրա:
Ալեքսանդր Կուդրինը, սկսելով դասախոսությունը, ներածական խոսքում շեշտեց, որ նորագույն տեխնոլոգիաները գալիս են փոխարինելու մի շարք մասնագետների, սակայն վերլուծաբանի մասնագիտությունը մնում է պահանջված և թերևս, ժամանակակից տեխնոլոգիաները (ռոբոտները) չեն կարող ստանձնել այդ դերը: Բանախոսը կարևորեց հետազոտելու, վերլուծելու կարողությունը, քննադատական մտածելակերպի զարգացումը, կատարած աշխատանքը ներկայացնելու հմտությունը, առանձնացրեց վերլուծաբանի աշխատանքում մի քանի առանցքային մեթոդներ: Հանդիպումը հագեցած էր հարցուպատասխանով, քննարկվող թեմայի վերաբերյալ մասնակիցները ներկայացնում էին նաև իրենց տեսակետները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին