Հետազոտական աշխատանքի հաշվետվություն «Ամբերդ» հետազոտական կենտրոնում

Դիտումների քանակ՝ 3126

«Ամբերդ» կենտրոնի հայտարարած դրամաշնորհային հետազոտությունների մրցույթի արդյունքում ձևավորված 2 խմբերից մեկը կատարում է «Համայնքային տնտեսության զարգացման և ապակենտրոնացման ազդեցությունը ՀՀ մակրոտնտեսական կայունության ապահովման վրա» թեմայով հետազոտություն: Խումբն այսօր կենտրոնում ներկայացրեց ընթացիկ աշխատանքը, ինչպես նաև անելիքները, նպատակները: Ղեկավարն է մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ծովինար Կարապետյանը, հետազոտողներն են նույն ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արփենիկ Մուրադյանը, ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Վանինե Երանոսյանը, մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտներ Սեդա Ալիխանյանը, Նարե Աբրահամյանը, Արմինե Սահակյանը, Լիդա Խաչատրյանը, կորպորատիվ ֆինանսներ մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտ Էրիկ Գրիգորյանը: Հաշվետվությանը ներկա էին «Ամբերդի» աշխատակիցներ, հետազոտողներ:
Զեկուցողներ Արփենիկ Մուրադյանը, Վանինե Երանոսյանը, Սեդա Ալիխանյանը, Նարե Աբրահամյանը, Արմինե Սահակյանը, Էրիկ Գրիգորյանը ընդհանուր առմամբ խոսեցին ՀՀ համայնքների բյուջետային անհամաչափությունների, խոշորացված համայնքներում ֆինանսական ապակենտրոնացման գործընթացների մասին, վերլուծեցին համայնքային տնտեսության զարգացման հարցերի վերաբերյալ բնակիչների իրազեկությունը պարզելու նպատակով իրենց անցկացրած սոցհարցումների արդյունքները:
«Մեր հետազոտության գլխավոր նպատակն է բացահայտել ֆիսկալ ապակենտրոնացման անհրաժեշտությունը, խորացման հնարավորությունները ՀՀ-ում, գնահատել դրա ազդեցությունը ՀՀ համայնքների զարգացման վրա, տնտեսաչափական մոդելներով հիմնավորել ֆիսկալ ապակենտրոնացման գործընթացների խորությունը և բացահայտել դրանց ազդեցությունը ՀՀ մակրոտնտեսական կայունության ապահովման վրա»,-մեզ հետ զրույցում ընդգծեց հետազոտական խմբի ղեկավար Ծովինար Կարապետյանը:
Հետազոտության վերջնարդյունքը կհանրայնացվի հունիսին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հաշվետվություն էր ներկայացրել նաև մյուս հետազոտական խումբը: Այս մասին մեր նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին