Ամունդի-Ակբա ակադեմիան առաջին հուշագիրը կնքեց ՀՊՏՀ-ի և Ֆրանսիական համալսարանի հետ

30.09.2024
Դիտումների քանակ՝ 476

Սեպտեմբերի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծ շուքով նշվեց կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործունեության 10-ամյակը։

Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի մաս է կազմում Ամունդի-Ակբա ակադեմիայի (Amundi Acba Academy) հիմնումը, և տոնական միջոցառման շրջանակում ակադեմիան առաջին գործակցության հուշագիրը կնքեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ։ Փոխգործակցության արդյունքում երկու բուհերի ուսանողները հասանելիություն կունենան հիմնարար, փորձագիտական, ՍիԷֆԷյ, բնապահպանական, սոցիալական և կառավարչական սկզբունքների վերաբերյալ առցանց դասընթացներին։

ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանն իր խոսքում նշեց․ «Ամունդին շատ մեծ աշխատանք է կատարում ոչ միայն գիտելիք ստեղծող կազմակերպություններում ներդրումներ իրականացնելով, այլ նաև սեփական կիրառական գիտելիքի փոխանցման ակադեմիան ձևավորելով։ Բարի ընթացք եմ մաղթում ակադեմիային, որովհետև շատ կարևոր աշխատանք ունի իրականացնելու, հատկապես՝ ֆինանսական գրագիտության, կիրառական գիտելիքներով օժտված մասնագետների պատրաստման գործում»։

Հավելենք՝ Ամունդի-Ակբա ակադեմիան առաջարկում է կրթական առցանց ուսուցման/մոդուլների համապարփակ շրջանակ՝ հարմարեցված այն լսարաններին, որոնք հետաքրքրված են ֆինանսներով, հատկապես՝ ակտիվների կառավարմամբ և ներդրումային ռազմավարություններով։ Ակադեմիայի ուսանողները կունենան անվճար հասանելիություն դասընթացներին և հնարավորություն՝ մասնակցելու ակադեմիայի ծրագրերին:

Եվրոպական փորձի վրա հիմնադրված ակադեմիան համալսարաններին և ուսանողներին առցանց կտրամադրի գիտելիք և հմտություններ՝ ֆինանսական գրագիտությունը խթանելու և մասնագիտական կատարելագործման համար: