ՀՊՏՀ պատվիրակությունը ՉԺՀ-ում մասնակցել է երկրի զարգացման ժամանակակից փորձին նվիրված միջազգային սեմինարին

30.09.2024 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 922

Սույն թվականի սեպտեմբերի 2-15-ը ՀՊՏՀ ներկայացուցիչները գործուղվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի նպատակը ՉԺՀ Առևտրի նախարարության ՉԺՀ Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովի միջազգային զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված միջազգային սեմինարին մասնակցությունն էր, որի շրջանակներում 8 երկրի 27 ներկայացուցիչներ ծանոթացել են ՉԺՀ վերափոխման և տնտեսական զարգացման փորձին։

ՀՊՏՀ պատվիրակության կազմում էին գիտության գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Թաթուլ Մկրտչյանը (պատվիրակության ղեկավար), հասարակագիտության ամբիոնի վարիչ, քաղ.գ.դ. Վարդան Աթոյանը, վիճակագրության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արմեն Քթոյանը, ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մարե Խաչատրյանը, ինչպես նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետներ Շուշան Մովսիսյանը և Ռուզաննա Թադևոսյանը։

Միջազգային սեմինարի շրջանակներում տեղի են ունեցել ՉԺՀ զարգացման ռազմավարությունների, բարեփոխումների, վերափոխումների և պլանավորման թեմաներով դասախոսություններ և փորձագիտական քննարկումներ, միաժամանակ այցելություններ են կազմակերպվել Պեկին, Շանհայ և Վուսի քաղաքների տեխնոլոգիական, արդյունաբերական, գյուղատնտեսական հաստատություններ և կենտրոններ:

Միջազգային սեմինարի շրջանակներում յուրաքանչյուր երկրի պատվիրակություն հանդես է եկել նաև իր երկրում ընթացող վերափոխումների մասին պատմող համառոտ զեկույցով:

ՀՊՏՀ ներկայացուցիչների խոսքով՝ այցը չափազանց օգտակար է եղել, միջոցառումների ընթացքում հաստատվել են նոր կապեր, ինչը կարող է նպաստել ապագա համագործակցություններին և ակադեմիական փոխանակումներին: Միաժամանակ հնարավորություն է ընձեռվել ձեռք բերված գիտելիքներն ու փորձը փոխանցել ՀՊՏՀ ուսանողներին և գործընկերներին: