Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի անվան «Ոսկի սերմեր» կրթամրցանակ՝ ՀՊՏՀ մագիստրանտներին

30.09.2024
Դիտումների քանակ՝ 647

ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող Դավիթ Լյովայի Գրիգորյանի հիշատակի «Ոսկի սերմեր» կրթամրցանակ հանձնվեց ՀՊՏՀ երկու մագիստրանտի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք մրցույթն ամփոփելիս, մրցանակակիրներն են ՀՊՏՀ 2-րդ կուրսի մագիստրանտներ Էլիզա Մաթևոսյանը («Հանրային կառավարում» կրթական ծրագիր) և Օֆելյա Հակոբյանը («Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում» կրթական ծրագիր)։

ՀՊՏՀ-ի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «Ոսկի սերմեր․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրով հայտարարված մրցույթի հաղթողների հավաստագրերը հանձնեցին ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը և Դավիթ Գրիգորյանի մայրը՝ Սուսան Ավագյանը։

Հիշեցնենք՝ Դավիթ Լյովայի Գրիգորյանի հիշատակի «Ոսկի սերմեր» կրթամրցանակի մրցույթը կազմակերպվում է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից, իսկ հովանավորը Գրիգորյան ընտանիքն է։

Հանձնելով հավաստագրերը՝ ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը երախտագիտության խոսքով դիմեց հերոսի մայրիկին՝ նշելով․«Դավիթ Գրիգորյանն ընտրել է հաղթելը և հաղթել է՝ դրանով ապահովելով մեր այստեղ գտնվելու իրավունքը, Դուք էլ՝ որպես ծնող, մեծ կորստից հետո ընտրել եք գիտելիքը Դավիթի անունով արժևորելու ճանապարհը, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ»։ Գիտելիքի և կրթության արժևորման, ՀՊՏՀ ուսանողի հանդեպ հոգածության համար բուհի ղեկավարը հերոսի ծնողներին՝ Լյովա Գրիգորյանին և Սուսան Ավագյանին հանձնեց շնորհակալագիր։

«Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարին՝ բուհում ջերմ ընդունելության և Դավիթ Գրիգորյանի հիշատակին նվիրված կրթամրցանակը նման ներկայացուցչական միջավայրում հանձնելու հնարավորության համար։ Հիմնադրամի տնօրենը մանրամասնեց, որ իրենք համագործակցում են 5 բուհերի հետ և վստահ են, որ կրթամրցանակին արժանացող երիտասարդները իրապես տալիս են ոսկի ծիլեր, ինչն այս կրթամրցանակը դարձնում է առավել թանկ և սրտամոտ։ Արմինե Պետրոսյանը ներկայացրեց նաև ՀՊՏՀ-ում կրթամրցանակի մրցութային փուլերը՝ նշելով, որ 7 հայտ է եղել, ապա հուզիչ մեջբերումներ կարդաց հայտատուների մոտիվացիոն նամակներից։