Համագործակցության հուշագիր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ

Դիտումների քանակ՝ 3413

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սկսել են համագործակցություն, որի մեկնարկը տրվել է երեկ՝ հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի և ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանի կողմից համագործակցության հուշագրի ստորագրմամբ:

Մեր համալսարանի համագործակցությունը նշված հանձնաժողովի հետ մասը կկազմի այն բազմակողմ համագործակցության, որի սկիզբը տրվել է երեկ: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում համագործակցության բազմակողմ հուշագրի ստորագրումը, ինչպես նշում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, նպատակ ունի ստեղծել հարթակ, որը միտված է մեր երկրի ֆինանսատնտեսագիտական հանրույթի միտքն ու փորձագիտական ներուժը ծառայեցնելու խորհրդարանի վերահսկողական գործառույթների ամբողջական իրականացմանը: Ըստ հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի՝ սա վաղուց սպասված նախաձեռնություն էր: Պատգամավորը փաստել է, որ այն լավագույն միջոցն է ոլորտում ունենալ այնպիսի գիտական ներուժ, ինչը թույլ կտա համարժեք արձագանքելու մեր երկրի առջև ծառացած տնտեսական խնդիրների լուծմանը: Բազմակողմ հանդիպմանը քննարկվել են հուշագրից բխող աշխատանքային մոտեցումները: Անդրադարձ է կատարվել տնտեսական ոլորտին վերաբերող օրակարգային մի շարք հարցերի: Փաստաթղթի տակ այս պահի դրությամբ ստորագրություն է դրել 8 կառույց: Ցանկում ընդգրկված են բուհական հաստատություններ, հետազոտական կենտրոններ, հասարակական ու մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպություններ: Ինչպես փաստել է հանձնաժողովի նախագահը, սա միայն սկիզբն է, հարթակը լինելու է բաց, հուշագրին ընթացիկ կարող են միանալ տարբեր կազմակերպություններ: Համագործակցության նպատակը մեկն է՝ պարբերաբար ընդլայնել տնտեսագիտական ներուժը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը նշեց, որ սույն համագործակցությունը փոխշահավետ է, քանի որ այն հնարավորություն է տալիս ՀՀ բյուջետային, ֆինանսավարկային ոլորտում քաղաքականության մշակման գործում հանձնաժողովին օրենքով վերապահված դերակատարումը իրացնել հանրապետության տնտեսագիտական մտքի և փորձագիտական ներուժի օգտագործմամբ: Մասնավորապես, ՀՊՏՀ պրոռեկտորի ներկայացմամբ հանձնաժողովին կից գիտափորձագիտական խորհրդի (աշխատանքային խմբի) կազմում կարող են ընդգրկվել փորձագիտական ներուժ և համապատասխան փորձ ունեցող մասնագետներ: Միևնույն ժամանակ, համագործակցության շրջանակներում փորձագիտական հետազոտություններ կամ ոլորտային ուսումնասիրություններ իրականացնելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաև ՀՊՏՀ-ն:

Բացի այդ, Թաթուլ Մկրտչյանի խոսքով, այս համագործակցության շրջանակներում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստակամ է ընդունել մեր ուսանողներին՝ փորձառություն անցնելու նպատակով, որտեղ նրանք ձեռք կբերեն պրակտիկ փորձ, հմտություն և գիտելիք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին