«Ժան Մոնե նեթվորք»-ի շրջանակներում ուսումնական այց Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները մարտի 27-ին այցելեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ մասնակցելու «ԵԱՏՄ տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսությանը, որը վարում էր ԵԱՏՄ առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ, տնտեսագիտության թեկնածու Էմմա Մովսիսյանը։ Բանախոսությունը կազմակերպվել էր ՀՊՏՀ-ում Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն (EUCON)» «Ժան Մոնե նեթվորք» ծրագրի շրջանակներում՝ ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Ալբերտ Հայրապետյանի նախաձեռնությամբ։
Բանախոսը նախ ներկայացրեց ԵԱՏՄ էությունն ու կազմակերպական առանձնահատկությունները, այնուհետև անդրադարձավ ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրաշրջանառության ցուցանիշներին և վերջիններիս շարժընթացը պայմանավորող գործոններին։ Էմմա Մովսիսյանն ընդգծեց ԵԱՏՄ-ում ՀՀ-ին տրվող արտոնությունների դերը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումային գրավչության համատեքստում՝ նշելով, որ դրանք ձեռք են բերվել արդյունավետ և առարկայական բանակցությունների արդյունքում։ Հատուկ անդրադարձ կատարվեց նաև ԵԱՏՄ-ի՝ երրորդ երկրների՝ Իրանի, Սինգապուրի, Սերբիայի և Վիետնամի հետ կնքված համաձայնագրերի էությանն ու բովանդակությանը։ Ուսանողները ծանոթացան ինտեգրացիոն միությունում հայաստանյան տնտեսավարողներին ընձեռված հնարավորություններին, իսկ Էմմա Մովսիսյանը պատրաստակամություն հայտնեց թեմայով հետաքրքրված ուսանողներին հետագայում ևս մասնագիտական օժանդակություն ցուցաբերել, այդ թվում՝ օգտակար գրականություն տրամադրել։
Մեզ հետ զրույցում Ալբերտ Հայրապետյանն ընդգծեց, որ դասախոսության նյութը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ուսանողների շրջանում, և վերջիններիս հորդորով նման ուսումնական այցերն առավել հաճախ կկազմակերպվեն։