ՀՊՏՀ գիտնականները մասնակցել են Անթիլիասի համաժողովին
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս. Օծություն Տեր Արամ Ա-ի բարձր հովանավորությամբ 2018 թ. մարտի 21-23-ը Բեյրութում՝ Անթիլիասի Մայրավանքում անցկացվել է համահայկական համաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակին: Համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր էին ստացել շուրջ 50 պատվիրակներ: Ի պաշտոնե Հայաստան-Արցախ պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունների և հայագիտության բաժանմունքի վարիչ, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Համաժողովի մասնակիցների թվում էին ԳԱԱ պատմության, արևելագիտության և գրականության ինստիտուտների տնօրեններ, ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, դոկտոր Վարդան Դևրիկյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, դոկտոր Ամատունի Վիրաբյանը, ՀՀ նախկին արտգործնախարար, դոկտոր Արման Կիրակոսյանը, այլ գիտնականներ: Մասնակիցների շարքում էր նաև ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Արարատ Հակոբյանը, ով մեզ պատմեց մանրամասներ ու տպավորություններ:
«Համաժողովի հանդիսավոր բացումը կատարեց Վեհափառ Տեր Արամ Ա-ն: Նույն օրը՝ մարտի 21-ին, համաժողովի մասնակիցների և հայ համայնքի ու լիբանանահայ կրթօջախների սաների մասնակցությամբ և Վեհափառի օրհնությամբ Մայրավանքի բակում կատարվեց Առաջին Հանրապետության 100-ամյակը խորհրդանշող եռամիասնական հուշակոթողի պաշտոնական բացումը: Եռաթև կոթողը գաղափարի իմաստով մարմնավորում է Հայաստանի Առաջին և Երրորդ հանրապետությունները, ինչպես նաև Սփյուռքը:
Համաժողովին մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ընթերցվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Ս.Ս. Գարեգին Բ-ի և այլոց ողջույնի խոսքերը:
Համաժողովը Հայաստանի և հայ հասարակության շրջանակներում Մայիսյան հերոսամարտերի և Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված առաջին միջոցառումներից է, որը կունենա շարունակություն:
Թեմատիկ առումով ներկայացված զեկուցումները ներառում էին հարցերի լայն շրջանակ՝ ընդգրկելով Հայաստանի անկախության նախադրյալները, Մայիսյան հերոսամարտերը, պետականության կայացումը, ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությունը, կրթամշակութային տեղաշարժերից մինչև ՀՀ անկում, խորհրդային ժամանակաշրջանում անկախության գաղափարի պահպանումը, այլախոհական շարժումը ընդհուպ մինչև 1991 թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեն: Ելույթներում ցույց տրվեցին ներքին հոգևոր և ժառանգորդության կապը հատկապես Առաջին և Երրորդ հանրապետությունների միջև, կատարվեցին գիտական բարձրաժեք ամփոփումներ ու հանրագումարումներ», -ներկայացրեց պրոֆեսոր Հակոբյանը:
Լիագումար նիստերից մեկը նախագահել է ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, նույն նիստում զեկուցումով հանդես է եկել պրոֆեսոր Արարատ Հակոբյանը՝ քննության առնելով Առաջին Հանրապետության պետական կառուցվածքի և պետականաշինության հարցերը:
«Ներկայացվեց Առաջին Հանրապետության ընդհանրությունը Երրորդ Հանրապետության պետաիրավական կառուցվածքի հետ, հատկապես այն բանից հետո, որ ՀՀ սահմանադրության 2015 թ. փոփոխություններով մերօրյա հանրապետությունը ևս ստանձնել է երկրի խորհրդարանական կառավարման մոդելը: Հայտնի է, որ Առաջին Հանրապետությունը եղել է խորհրդարանական գերակայության պետություն: Ցանկանում եմ արձանագրել, որ համաժողովն անցավ հետաքրքիր ու հագեցած նիստերով, ներկայացվող զեկուցումներին հաջորդում էին հարցեր ու պատասխաններ, քննարկումներ: Եզրափակիչ ելույթներով հանդես եկան Վեհափառ Տեր Կաթողիկոս Արամ Ա-ն, ակադեմիկոսներ Յուրի Սուվարյանը և Աշոտ Մելքոնյանը: Հավելեմ, որ նախատեսված ծրագրով համաժողովականները այցելեցին Մայր Աթոռի և Բեյրութի տեսարժան վայրեր»,- ամփոփեց Արարատ Հակոբյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին