Նարեկ Կարապետյանը դասախոսել է Բրատիսլավայի տնտեսագիտության և կառավարման համալսարանում
«Էրազմուս+»-ի միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոս, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Նարեկ Կարապետյանը ապրիլի 17-21-ը դասավանդել է Բրատիսլավայի տնտեսագիտության և կառավարման համալսարանում (Սլովակիա)։ 3-րդ կուրսի միջազգային ուսանողների համար նա դասախոսել է «Կառուցվածքային բարեփոխումները՝ որպես զարգացող երկրների տնտեսական աճը արագացնելու գործիք» և «Երբ պետական պարտքը անցնում է 60 տոկոսի շեմը․ պարտքային քաղաքականությունները Հայաստանում և Սլովակիայում» թեմաներով։
Գործընկեր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումներում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ՀՊՏՀ գիտական ներուժը, այդ թվում՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ծավալած հետազոտական գործունեությունը։
ՀՊՏՀ դասախոսը մասնակցել է նաև «Էրազմուս+»-ի շրջանակում համալսարանում անցկացվող «Շրջանաձև տնտեսության մարտահրավերները աշխարհում» խորագրով աշխատաժողովին, հանդիպումներ և արդյունավետ քննարկումներ ունեցել միջոցառման մասնակից եվրոպական այլ համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։
Էրազմուսյան իր առաջին փորձը Նարեկ Կարապետյանը արդյունավետ և տպավորիչ է համարում՝ հույս հայտնելով, որ համագործակցության ուղղությամբ աշխատանքը, ինչպես նաև Բրատիսլավայի տնտեսագիտության և կառավարման համալսարանի ներկայացուցիչների սպասվելիք այցը Հայաստան կարող են կրթական, գիտական ու մշակութային հեռանկարներ ուղենշել։