ՀՊՏՀ-ն նոր գործընկեր ունի. համագործակցության հուշագիր ստորագրվեց պետական վերահսկողական ծառայության հետ
Փորձառությունների գործընթացի վերափոխման և աշխատաշուկայի հետ կապերի բարելավման համատեքստում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շարունակում է համագործակցային նոր կապերի հաստատումը: Այսօր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը և ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը ծառայությունում ստորագրեցին համագործակցության հուշագիր, որին ՀՊՏՀ-ից ներկա էին նաև ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը և արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը:
Ներկայացնելով Տնտեսագիտական համալսարանի ներկա շրջանի գործունեությունը՝ Դիանա Գալոյանը նշեց, որ թեպետ համալսարանը ավելի շատ համագործակցության հուշագրեր ունի մասնավոր հատվածի կազմակերպությոնների հետ, սակայն մեծապես կարևորում է նաև պետական հատվածի հետ սերտ համագործակցությունը: Հուշագիրը հնարավորություն կընձեռի ՀՊՏՀ ուսանողների փորձառությունն անցկացնել, ինչպես նաև նրանց որպես ստաժորներ ներգրավել ՊՎԾ-ում: Դիանա Գալոյանը նաև ներկայացրեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեությունը՝ ընդգծելով, որ կենտրոնի փորձագիտական ներուժը կարող է օգտակար լինել ծառայությանը, ուստի այդ ուղղությամբ ևս փոխգործակցության լավ հնարավորություն կա:
ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն իր հերթին գոհունակություն հայտնեց համագործակցության առթիվ՝ նշելով, որ իրենց ծառայությունը մեծ ուրախությամբ փորձառության կվերցնի հատկապես Տնտեսագիտական համալսարանի ուսանողներին, որոնք, նրա խոսքով, վերահսկողական գործառույթների մասին ավելի լավ պատկերացում ունեն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին