Գիտական հետազոտությունների մեթոդաբանության շուրջ քննարկում ՈւԳԸ մենթորների հետ
Գիտական աշխարհի հանդեպ հետաքրքրված ՀՊՏՀ ուսանողներին այսօր «Ամբերդ» հետազոտական կենտրոն էր բերել Ուսանողական գիտական ընկերության մենթորների՝ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի և նշված կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանի հետ հանդիպումը: Քննարկման առանցքում գիտական հետազոտության մեթոդաբանությունն էր, Դիանա Գալոյանը համանուն խորագրով զեկուցում ներկայացրեց և ՈւԳԸ-աններին օգտակար խորհուրդներ հղեց գիտական աշխատանքը գրագետ կատարելու համար: Մենթորները մանրամասն պարզաբանեցին այն կետերը, որով պետք է ուղղորդվել հետազոտություն կատարելու ընթացքում. վերնագրի ճիշտ ընտրությունից մինչև սեղմագիր, եզրակացություն, ու առաջարկությունների ներկայացում։
Մասնակցում էին ՈւԳԸ աշխատանքների համակարգող, ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը և ՈւԳԸ ֆակուլտետային պատասխանատուները։ Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ՈւԳԸ-ն այս ուսումնական տարում նոր թափով ու որակով է մեկնարկել իր գործունեությունը, պատասխանատուների հետ մի քանի հանդիպումներ են եղել, համապատասխան թեմայով մեր հրապարակումներից մեկին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին