Նոր ուսումնական ձեռնարկ՝ HEIFYE ծրագրի արդյունքում

Դիտումների քանակ՝ 1584

«Էրազմուս+»-ի «Բարձրագույն ուսումնական հաստատությունները երիտասարդների ձեռներեցության համար» (HEIFYE, 589 942-ԵԺԿ-1-2017-1-UA-EPPKA2-Cby-EP-PE) ծրագրի շրջանակներում պատրաստվել և էլեկտրոնային հրապարակմամբ լույս է ընծայվել «Բիզնեսի վարումը Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Լատվիայում, Մոլդովայում և Ուկրաինայում» ուսումնական ձեռնարկը՝ նախատեսված այն անձանց համար, ովքեր մտադիր են սկսել բիզնես Արևելյան Եվրոպայի երկրներում: Այն հատկապես օգտակար կլինի ուսանողների, բիզնես դասընթացներ անցնողների համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ինքնուրույն զբաղվում են բիզնես կրթությամբ, մտադիր են առևտրայնացնել բիզնես գաղափարներ, ստեղծել սեփական բիզնես:
Հիշեցնենք, որ ծրագրի հայաստանյան համակարգողը ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնն է: Վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանի տեղեկացմամբ, ուսումնական ձեռնարկի առանձին բաժինները տրամաբանական հերթականությամբ ներկայացնում են իրավական, հարկային, մարքեթինգային, ֆինանսական այն խնդիրները, որոնց հետ բախվում են երիտասարդ ձեռնարկատերերը՝ տնտեսական գործունեության ընթացքում: Ի լրումն ընդհանուր հարցերի, որոնք կապված են բիզնեսի բացման և գրանցման հետ, ներկայացված են նաև պրակտիկ առաջարկություններ, մեթոդներ և գործիքներ, որոնք կօգնեն գնահատել շուկայի իրավիճակը, ձևավորել բիզնես մոդել, զարգացնել բիզնես պլան և ներկայացնել այն ներդրողներին:
Ուսումնական ձեռնարկը լույս է տեսել Դիանա Գալոյանի և Սննդի ու առևտրի Խարկովի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիկտորիա Գրոսուլի ընդհանուր խմբագրությամբ:
Ուսումնական ձեռնարկը հասանելի է հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին