«Արարատ» ծրագրի ամփոփիչ համաժողովում. ավարտը՝ ապագա գործողությունների սկիզբ

Դիտումների քանակ՝ 1704

Տեմպուսի «Արարատ» ազգային ծրագրի («Համալսարան-գործատու հայկական համակարգող գործակալություն») ամփոփիչ համաժողովն այսօր ի ցույց հանեց այն արդյունքը, ձեռքբերումները, որոնք Հայաստանում համալսարան-գործատու համագործակցության ցանցի հաստատման և գործարկման միջոցով նպատակաուղղված են ապահովելու բարձրագույն կրթության համապատասխանելիությունը փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին և նախանշելու ստեղծված համագործակցության շարունակականությունը:

Ամփոփիչ համաժողովին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, «Արարատ» ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Հայաստանում «Էրասմուս պլյուս» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից Էդգար Ալեքսանյանը, ծրագրի կոնսորցիումի անդամ համալսարանների ներկայացուցիչներ, ՀՊՏՀ դեկաններ, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:

Բացման խոսքում, ողջունելով հյուրերին ու ներկաներին, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն անդրադարձավ 2012 թվականի այն օրերին, երբ բուհը շահեց «Տեմպուսի» 3 ծրագիր, որոնց թիվը հետագայում շատացավ:

«Առաջին անգամ հայաստան­յան համալսարաններից Տնտեսագիտական համալսարանը դարձավ Եվրոպական միության ծրագրի համակարգող, ինչը և՛ պատվաբեր էր, և՛ չափազանց պատասխանատու: Այսօր, երբ ամփոփում ենք մեր ավելի քան 3 տարիների աշխատանքը, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպայի և Հայաստանի գործընկեր­նե­րին, «Էրասմուս պլյուս» ծրագրի  հայաստանյան գրասենյակի և Եվրոպական հանձնա­ժո­ղո­վի պատասխանատուներին՝ «Արարատ» ծրագրի գործողություններին մասնակ­ցելու և համատեղ ջանքերով այն ավարտին հասցնելու համար»։

Բուհական կրթության առջև ծառացած մարտահրավերներից ռեկտորն առանձնացրեց շրջանավարտների ծառայողունակու­թյան բարձրացումը՝ նշելով, որ համալսարանները պետք է աստիճանաբար հաղթահարեն մե­կուսացված, խիստ ակադեմիական կարգավիճակը և կամրջեն կրթությունը և աշխատաշուկան, որի սերտացմանն է միտված «Արարատ» ծրագիրը: Մանրամասն անդրադառնալով ծրագրի հիմնական ձեռքբերումներին՝ ռեկտորը նշեց, որ ավարտը նաև ապագա գործողությունների սկիզբն է, քանի որ կրթության որակի բարձրացումը հարատև գործընթաց է: Ռեկտորի ամբողջական ելույթին ծանոթացեք այստեղ:

Իրենց ելույթներում գործընկեր համալսարանների ներկայացուցիչները՝ ռեկտորներ, պրոռեկտորներ, շնորհակալություն հայտնեցին Տնտեսագիտական համալսարանին՝ ծրագրի արդյունավետ ընթացքի, ստեղծարարության և այն ձեռքբերումների համար, որոնք արձանագրվում են իրենց համալսարաններում և համատեղ գործունեության դաշտում:

ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ Էդգար Ալեքսանյանը նշեց, որ «Արարատ» ծրագիրն ի սկզբանե գրավիչ էր նախարարության համար, քանի որ անդրադառնում էր բուհ-աշխատաշուկա գործունեությանը և ոլորտային շրջանակի նախագծմանը, ծրագիրն արժանացրեց բարձր գնահատականի և հետագա հաջողություններ մաղթեց:

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը մեծապես կարևորեց «Արարատ» ծրագրի դերը գիտելիք-կարողություն-պրոֆեսիոնալիզմ շղթայի ամբողջացման ու կայացման մեջ՝ ընդգծելով, որ բուհը, ըստ էության, սոցիալական վերելակի դեր է կատարում և այդ դերակատարությունն օրեցօր զարգացնելու միտում պետք է դրսևորի:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկաներին հիշեցրեց ծրագրի մեկնարկի շրջանը, երբ Հայաստանը դեռևս Տեմպուսի ծրագիր չէր համակարգել, և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներուժի շնորհիվ «Եվրոպան ընդունեց մեր մարտահրավերը»: Նա հավաստիացրեց, որ «Արարատի» ձեռքբերումներն այսօր արդեն ծանրակշիռ են, իսկ ամփոփիչ համաժողովը նոր մեկնակետ է նոր մտահղացումների ու հեռանկարային  ծրագրերի համար:

ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը խոսեց համալսարանների և գործատուների փոխշահավետ համագործակցություն ձևավորելու մասին և կոչ արեց հիմնախնդիրները գլոբալ քննարկել:

Լանա Կառլովան հավաստիացրեց, որ ծրագրի 21 մասնակիցների, այդ թվում՝ 8 հայկական համալսարանների համագործակցությունը տեսանելի արդյունք է գրանցել և կնպաստի համակարգի զարգացմանը:

Համաժողովի հագեցած օրակարգում ընդգրկված էր հանդիսավոր արարողություն. համագործակցության նոր եզրերի ու շարունակականության մասին ելույթներում հնչած ցանկություններն ամրագրվեցին իրեղեն: Արդյունքում հուշագրեր ստորագրվեցին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի և «Արարատ» ծրագրում ընդգրկված հայաստանյան բուհերի միջև, որով ստեղծված համագործակցությունը դրվեց գործընկերային նոր հիմքի վրա:

Այնուհետև Ներսես Գևորգյանը ըստ փաթեթների հանգամանորեն անդրադարձավ ծրագրի գործունեությանը, կարևորագույն ձեռքբերումներին, և այդ առումով՝ «Համալսարան-աշխատաշուկա ՀՀ ազգային ցանցի» ստեղծմանը:   Համատեղ արդյունավետ աշխատանքի համար նա շնորհակալություն հայտնեց ծրագրի ղեկավարներին ու գործընկերներին:

Այսօր բուհերում ստեղծվել են կրթություն-աշխատաշուկա համագործակցու­թյան միավորներ՝ միասնանալով ընդհանուր ցանցում, մշակվել են ցանցի գործունեության կանոնակարգը և էլեկտրոնային հարթակը, կանոնակարգվել է դրանում ուսանողների մասնակցությունը, կրթության և աշխատա­շուկայի կապն արդյունավետ իրականացնելու նպատակով հզորացվել են գործընկերների կարողությունները, ըստ 3 ոլորտների՝ գործատուների և այլ շահակիցների հետ քննարկվել և մշակվել են ոլոր­տային որակավորումների բնութագրեր, պատրաստվել է ոլորտային որակավորումների մշակման մեթոդա­բա­նություն և կիրառման ընթացակարգ։

Համաժողովը շարունակվեց առանձին թեմատիկ ուղղություններով՝ «Կարողությունների ձևավորում», «Համալսարան-աշխատաշուկա ՀՀ ազգային ցանցի ստեղծում», «Տվյալների բազայի հիմնում և գործիքակազմի մշակում», «Որակավորումների ոլորտային շրջանակի գործարկում», «Որակի ապահովում և մշտադիտարկում»: Ելույթ ունեցան Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Լատվիայի, մեր հանրապետության գործընկեր համալսարանների և ՈԱԱԿ-ի ներկայացուցիչները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին