2016 թ. առաջին համարը՝ ընթերցողի սեղանին
Լույս է ընծայվել «Տնտեսագետ» ամսագրի 2016 թվականի առաջին` հունվար-փետրվարյան համարը, որը, սիրելի ընթերցող, ձեզ համար պատրաստել է հարուստ լրատվական նյութ, տնտեսագիտական, բժշկական ու մշակութային հետաքրքրական հոդվածներ:
Ինչպես ամեն տարի, Հայոց բանակի ծննդյան տարեդարձի օրը, մենք անդրադարձ ենք կատարում բանակին ու բանակային կյանքին, ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներին: Ձեզ ենք ներկայացնում հայերնիքի հանդեպ իրենց պարտքը սրբորեն կատարած ՀՊՏՀ ուսանող-զինվորներին:
Հունվարի 1-ին լրացել է մեծ հայրենասեր, իմաստասեր ու ռազմիկ Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակը: ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սարգսյանը ուսանող-երիտասարդությանը հորդորում է հայրենիքը սիրել նժդեհավայել սիրով՝ հիշելով մեծ մտածողի պատգամները:
Համալսարանի գիտական գործունեության ձեռքբերումներն ու շարունակական ընթացքն է ներկայացնում ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:
Այս համարում տեղ են գտել նաև գիտաուսումնական խմբերի սեմինարները, հեռակա կրթաձևի մագիստրատուրայի ավարտական շրջանի մասին պատմող նյութեր և լուսանկարային շարքեր:
Տնտեսական հետաքրքրական նորություններ ու տնտեսագիտական խաչբառ է ներկայացված դոցենտ Սամվել Գրիգորյանի բազմաբովանդակ «Տնտեսական խճանկարում»:
Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոցենտ Գրիգոր Նազարյանը վեր է հանում ու ամփոփ ներկայացնում է համաշխարհային տնտեսության զարգացման արդի միտումները:
«Մեր շնորհալիները» խորագիրը կրկին հանդես է գալիս բացահայտմամբ. այս անգամ մեր հերոսուհին մագիստրանտ Մարիամ Հակոբյանն է:
Փետրվարի 29-ին լրացավ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Կիրակոսյանի 80-ամյակը: Ներկայացնում ենք ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ուղերձը և հոբելյարի բազմամյա գործընկեր Իշխան Խլղաթյանի սրտի խոսքը:
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը անդրադառնում է մասնաճյուղում կրթական ու հետազոտական ներուժի զարգացման հնարավորություններին և այդ ուղղությամբ գործնական քայլերին:
Դասախոս Կարինե Դավթյանը «Ամենակարևորի մասին» խորագրում պատմում է կոտրված սրտի համախտանիշի մասին, իսկ դոցենտ Գեղեցիկ Գրիգորյանը ներկայացնում է կրթության որակի ապահովման արդյունավետ ուսուցման ուղիները:
«Լրահոս»-ում կրկին խտացված են համալսարանական իրադարձությունները:
«Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագրի ներքո դոցենտ Սոֆյա Օհանյանը անդրադառնում է Արևի մեծ երգչին՝ Մարտիրոս Սարյանին:
«Տնտեսագետի» նոր համարի առանցքային թեմաների մասին այսքանը, ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այսօրվանից. ուսանողները՝ դիմելով դեկանատներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։ Կարող եք օգտվել նաև ընթերցասրահների օրինակներից:
Ամսագրի էլեկտրոնային տարբերակին ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) ծանոթացեք հետևյալ հղումով:
Մաղթում ենք հաճելի ընթերցում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին