Օգտակար նյութեր՝ հետազոտողների համար. «Ամբերդը» ներկայացնում է ՏՀԶԿ-ի զեկույցները

Դիտումների քանակ՝ 1846

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը նախատեսում է պարբերաբար ներկայացնել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցները:

«Զբոսաշրջության միտումներ և քաղաքականություն 2016» ՏՀԶԿ զեկույցում նշվում է, որ զբոսաշրջությունը շարունակում է առանցքային դեր խաղալ տնտեսական ակտիվությունից և արտահանումից եկամուտների ստացման գործում: Միջազգային զբոսաշրջային հոսքերի արագընթաց աճը, նոր սպառողների միտումները, անվտանգության հարցերը և հարմարվողականությունը (ադապտացիան) կլիմայի փոփոխություններին այն առանցքային խնդիրներն են, որոնց ներկայումս բախվում է զբոսաշրջության ոլորտը:

Յուրաքանչյուր երկու տարին մեկ հրապարակվող «Զբոսաշրջության միտումներ և քաղաքականություն» զեկույցը վերլուծում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 50 երկրներում զբոսաշրջության ոլորտի զարգացումները և քաղաքականության ու բարեփոխումների հիմնական միտումները:

ՏՀԶԿ երկրներում ՀՆԱ 4,1 %-ը և աշխատատեղերի 6,1 %-ը բաժին է ընկնում զբոսաշրջության ոլորտին: Այս երկրներում տարեկան հաշվվում է ավելի քան 1 մլրդ զբոսաշրջիկ, թեև հանրահայտ զբոսաշրջային ուղղություններն աստիճանաբար կորցնում են իրենց առաջատար դիրքերը:

«Զբոսաշրջության միտումներ և քաղաքականություն» զեկույցը համարվում է զբոսաշրջության ոլորտում աճի, նորարարության և մրցունակության խթանման պետական արդյունավետ քաղաքականության միջազգային ուղենիշ: Վերջինս կարող է օգտակար լինել այդ բնագավառով հետաքրքրվող հետազոտողների և ուսանողների համար:

Ամբողջական զեկույցն անգլերեն է, կարող եք ծանոթանալ կայքի «Ամբերդ» բաժնի ներքո՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին