Ռազմահայրենասիրական բաց դաս, քննարկում. միջոցառումներ՝ Եղեգնաձորի մասնաճյուղում
Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղից՝ երեկ մասնաճյուղում տեղի են ունեցել միջոցառումներ: Հանդիպումներին ներկա է եղել մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, ուսխորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը:
Համալսարանում հյուրընկալվել և ուսանողների համար ռազմահայրենասիրական դաս է վարել ՀՀ Զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Միջոցառումը նախաձեռնել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը: Անդրանիկ Մակարյանը անդրադարձել է բանակաշինության, զինվորական առօրյայի վերաբերյալ հարցերի, ընդգծել ազգային գաղափարախոսության կարևորությունը:
Գեներալ-մայորը ուսանողներին ներկայացրել է կրթական համակարգին վերաբերող այնպիսի հիմնահարցեր, որոնք դերակատարում ունեն բանակի մարտունակության բարձրացման և բանակ-հասարակություն կապի ամրապնդման տեսանկյունից: Հրամանատարը պատասխանել է ուսանողների հարցերին: Հանդիպման ավարտին Սոս Խաչիկյանը ուսանողական խորհրդի անունից շնորհակալագիր է հանձնել Անդրանիկ Մակարյանին, ապա պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ այցելությունները դարձնել հաճախակի և առաջիկայում կազմակերպել մասնաճյուղի ուսանողների այցելությունը զորամասեր և դիրքեր:
Երեկ մասնաճյուղ են այցելել նաև «ԱՄՆ խաղաղության կորպուս/Հայաստանի» ներկայացուցիչները. Վայոց ձորի և Սյունիքի մարզերի կամավորներն անց են կացրել աշխատանքային քննարկում, ծանոթացել «Խաղաղության կորպուս»-ի ծրագրի շրջանակներում «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ››-ի աշխատանքների ընթացքին:
Լուսանկարները տրամադրել է ՀՊՏՀ եղեգնաձորյան մասնաճյուղը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին