Ճանապարհորդություն և աշխատանք՝ ԱՄՆ-ում. ծրագիրը ներկայացվեց ուսանողներին
Մեր համալսարանում այսօր հյուրընկալվել էր Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնի նախագահ Արմեն Հայրումյանը, ով ուսանողներին ներկայացրեց “Work and Travel” միջազգային ուսանողական ծրագիրը: Հանդիպմանը ներկա էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, ով ողջունեց մասնակից-ուսանողներին, ներկայացրեց հյուրին, ապա նշեց, որ ծրագիրը ԱՄՆ-ին ծանոթանալու և այնտեղ աշխատելու լավ հնարավորություն է:
Արմեն Հայրումյանը մանրամասներ ներկայացրեց “Work and Travel”-ից` նշելով, որ այն ԱՄՆ-ի կառավարության կողմից իրականացվող ծրագրերից է, որը հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր երկրների առաջադեմ ուսանողներին ամառային արձակուրդների ընթացքում մեկնել ԱՄՆ և աշխատել: Ինչպես նշեց բանախոսը՝ դիմորդները պետք է լինեն 18-25 տարեկան, ցերեկային, առկա ուսուցմամբ սովորող ուսանողներ: ԱՄՆ մեկնած ուսանողները հնարավորություն կստանան նաև մրցութային կարգով Վաշինգտոնի համալսարաններից մեկում մասնակցելու առաջնորդության դասընթացների (Leadership): Ծրագրի սկիզբը հունիսի 1-ին է, ավարտը՝ օգոստոսի վերջին:
Դիմորդները պետք է ունենան անգլերենի լավ իմացություն, իսկ դիմորդների ընտրությունը կատարվում է 2 փուլից բաղկացած հարցազրույցով: Առաջին փուլն իրականացնելու է Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնը, երկրորդն իրականացնելու է ամերիկյան կողմը՝ առցանց (Skype-ի միջոցով): Ներկայացվեց ծրագրի մասին պատմող տեսանյութ:
Հանդիպման ավարտին Արմեն Հայրումյանը ներկայացրեց նաև միջազգային տարբեր դասընթացների մասնակցելու հնարավորություններ: Ուսանողներն իրենց հարցերն ուղղեցին բանախոսին:
“Work and Travel” միջազգային ուսանողական ծրագրի մասին պատմող տեսանյութին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ youtube.com/watch?v=KcAXOcSdIUY&feature=youtu.be, իսկ Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հղումով՝ facebook.com/ACE-Armenia-162292293783144/?fref=ts : Ծրագրի հետ կապված հարցերով կարող եք դիմել նաև մեր համալսարանի արտաքին կապերի բաժին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին