ՀՊՏՀ ուսանողը՝ ՀՀ լավագույն ուսանողների շարքում
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ արդեն 3-րդ անգամ անցկացված «Լավագույն ուսանող-2015» հանրապետական մրցույթի 39 հաղթողների թվում է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի մագիստրանտ Լիլիթ Հրայրի Առաքելյանը: Մրցույթին մասնակցել են հայաստանյան տարբեր բուհերի ուսանողներ:
Մեր ուսանողուհին պարգևատրվել է հասարակագիտության ոլորտում 3-րդ տեղը գրավելու համար (մագիստրոսի կրթական ծրագրով): Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երեկ, ներկա է եղել մեր համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Լիլիթը նշեց, որ հպարտությամբ է մրցույթում ներկայացրել Տնտեսագիտական համալսարանը: Լիլիթը սովորում է ֆինանսներ մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսում: Ասում է՝ իրեն մրցույթի է առաջադրել ֆինանսների ամբիոնը: Մրցույթում հաշվի են առնվել ուսանողի առաջադիմությունը (ՄՈԳ-ը), հասարակական ակտիվությունը, գիտահետազոտական աշխատանք կատարելու փորձը:
Տեղեկացնենք, որ մեր համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնում նախորդ տարի Լիլիթ Առաքելյանը կատարել է «Անվանական փոխարժեքի վարքագծի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմայով հետազոտություն՝ տ.գ.թ. Լուսինե Հարությունյանի ղեկավարությամբ: Արդեն 3 տարի է՝ Լիլիթը ֆինանսական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահն է, նա ունի գերազանց առաջադիմություն, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից արժանացել է հավաստագրի, որով իրավունք է ստացել զբաղեցնել քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն:
«Շնորհակալ եմ, որ իմ դասախոսները հավատացին ինձ, իմ գիտելիքներին, քաջալերեցին և ուղղորդեցին՝ մրցույթին մասնակցելու: Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել մեր համալսարանը և մրցույթում նվաճել հաղթողի կոչումը: Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին»,-ասաց ուսանողուհին և հավելեց, որ իր երախտագիտությունն է հայտնում ՀՊՏՀ ղեկավարությանը և դասախոսներին, հատկապես ռեկտոր Կորյուն Աթոյանին, պրոռեկտոր Գագիկ Վարդանյանին, ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանին, ֆինանսների ամբիոնի ղեկավար Աշոտ Սալնազարյանին, տ.գ.թ. Լուսինե Հարությունյանին, «Ամբերդի» տնօրեն Սամվել Ավետիսյանին, ովքեր ամեն կերպ աջակցում են ուսանողներին, հատկապես գիտահետազոտական աշխատանքներ կատարելու գործում: Մեր ուսանողուհին նպատակ ունի ուսումը շարունակել ասպիրանտուրայում, զբաղվել գիտական աշխատանքով:
Լիլիթը լայնախոհ ուսանողուհի է, նպատակասլաց, աշխատասեր ու պրպտող: Իր հասակակիցներին նա խորհուրդ է տալիս անընդհատ զարգանալ, սովորել, աշխատել ինքնակատարելագործման ուղղությամբ:
Նշենք, որ 2015 թ. մրցույթում ըստ ոլորտների հաղթած ուսանողները պարգևատրվել են հավաստագրերով և մեկանգամյա անվանական կրթաթոշակներով. 1-ին տեղը զբաղեցրածներն արժանացել են 440 հազար դրամի, 2-րդ տեղը` 228.5 հազար դրամի, 3-րդ տեղը՝ 200 հազար դրամի:
Շնորհավորում ենք մեր ուսանողուհուն և մաղթում նորանոր ձեռքբերումներ:
Հ.Գ. Երկրորդ լուսանկարը՝ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի արխիվից. ձախից երկրորդը Լիլիթ Առաքելյանն է՝ «Ամբերդում» (2015թ. հուլիս ):
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին