Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջը վերակազմակերպվել է ՀՊՏՀ կազմում

Դիտումների քանակ՝ 4762

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2015թ. դեկտեմբերի 29-ի նիստում որոշել է «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Կառավարության 1538-Ն որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ e-gov.am/gov-decrees/calendar/2015/12/page/2/:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկել է Կառավարության որոշման իրականացման գործընթացը: Համալսարանի ռեկտորի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է զբաղվի Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջը ՀՊՏՀ-ին միացնելու աշխատանքներով:

Գործընթացի շուրջ զրուցեցինք համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ: Համալսարանի ղեկավարը նշեց, որ իր հանձնարարականով հանձնաժողովն այս պահին զբաղված է առավելաբար տեխնիկական խնդիրների կարգավորմամբ, որից հետո նախատեսվում է անցնել գործընթացի բովանդակային կողմին: Ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքով՝ քոլեջի աշխատանքային և ուսումնական պայմանների բարելավումից, տեխնիկական վերազինումից բացի կարևոր են ուսումնական ծրագրերը: «Պետք է բարելավվենք ուսումնական ծրագրերը, հստակեցնենք կրթական ծրագրերը, որպեսզի քոլեջի գերազանց սովորող ուսանողները մատչելի ձևով տեղափոխվեն համալսարան»,- ասաց Կորյուն Աթոյանը:

Քոլեջի գործունեության, քոլեջից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան տեղափոխման ընթացակարգերի և այլ հարցերի վերաբերյալ ավելի համապարփակ և հստակ տեղեկատվությամբ հանդես կգանք առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին