ՀՊՏՀ աշխատակիցները մասնակցել են eDrone նախագծի կոորդինացիոն հանդիպմանը

Դիտումների քանակ՝ 2184

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Էրազմուս+» ծրագրի «Educational for Drone (eDrone)» № 574090-EPP-1-2016-1-IT-EPPKA2-CBHE-JP նախագծի շրջանակներում դեկտեմբերի 6-9-ը Քիշնևում (Մոլդովա) տեղի է ունեցել առաջին կոորդինացիոն հանդիպումը, որին մասնակցել են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Մարուքյանը և մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը: Հանդիպմանը մասնակցել են կոնսորցիումի անդամ համալսարաններն ու կազմակերպությունները Իտալիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Հայաստանից և Վրաստանից:

Հանդիպմանն ամփոփվել են կարիքների գնահատմանը վերաբերող երկու աշխատանքային փաթեթների աշխատանքները, քննարկվել են բացթողումներն ու ձեքբերումները: Քննարկումների մեծ մասն ուղղված է եղել երրորդ աշխատանքային փաթեթի գործողությունների պլանավորմանը, որոնք կապված են կրթական մոդուլների մշակման և վերապատրաստումների հետ: Այս աշխատանքային փաթեթի շրջանակներում ՀՊՏՀ-ն պատասխանատու է մարքեթինգի մոդուլի և ազգային տնտեսության առանձնահատկությունների ենթաբաժնի մշակման համար և ներկայումս այս աշխատանքները շարունակվում են:

Աշխատանքային փաթեթների ղեկավարները անդրադարձան կատարված աշխատանքներին և ներկայացրեցին առաջիկա գործողությունները: Մասնավորապես, նախատեսվում է կրթական մոդուլների մշակումից հետո Մոլդովայում իրականացնել դասավանդող անձնակազմի վերապատրաստում՝ յուրաքանչյուր մոդուլի մասով, որի ընդհանուր տևողությունը կազմելու է վեց շաբաթ: Եվս մեկ գործնական մոդուլ էլ նախատեսված է տեսական կուրսից մեկ ամիս անց՝ մեկ շաբաթ տևողությամբ: Դասավանդող անձնակազմի վերապատրաստումից հետո կմեկնարկի մշակված դասընթացների դասավանդումը ուսանողներին:

Քանի որ մոտենում է ծրագրի միջանկյալ հաշվետվության ներկայացման ժամկետը, հանդիպմանը քննարկվեցին նաև հաշվետվողականությանն առնչվող հարցերը: Ծրագրի համակարգողները ներկայացրեցին հաշվետվությունների ձևաչափերը, անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերի ցանկը և աշխատանքների կատարման ժամանակացույցը:

Հիշեցնենք, որ eDrone նախագիծը եռամյա նախագիծ է, որը մեկնարկել է 2016 թվականի հոկտեմբերի 15-ին:

Նախագծի նպատակը նոր ուսումնական միջավայի հիմնումն է, որը միտված է մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացմանը: Նախագծի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունն առկա է նախագծի պաշտոնական կայքում` www.edrone.unisannio.it/ և ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ //goo.gl/cTm69g

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին