ՀՊՏՀ ուսանողները Բիալիստոկում մասնակցել են ձեռնարկատիրության վերաբերյալ միջազգային թրեյնինգի և աշխատաժողովի

Դիտումների քանակ՝ 1631

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Կարապետյանը և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի Կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Վահրամ Շաբոյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում գտնվում են Լեհաստանում՝ Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանում: Ուսանողների օրերը գերհագեցած են՝ ուսում, մշակութային միջոցառումներ, հանդիպումներ, դասընթացներ:

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ օրերս Բիալիստոկում կազմակերպվել է ձեռնարկատիրության վերաբերյալ միջազգային թրեյնինգ և աշխատաժողով, որին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև մեր ուսանողները: Երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվել են ստարտափ գաղափարներ մշակելու և զարգացնելու ձևերը, ուսանողներն աշխատել են Business Canvas մոդելով, քննարկել են հայտնի շատ կազմակերպությունների հաջողության պատմությունները։ Դասընթացին մասնակցել են Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները, «Էրազմուս+» ծրագրով Լեհաստանում սովորող եվրոպացի ուսանողները, ինչպես նաև Լիտվիայի տարբեր համալսարաններից ժամանած մասնագետներ։ Մեր ուսանողները նշում են, որ սա հրաշալի հնարավորություն է եղել ծանոթանալու բիզնեսի ծավալման ժամանակակից մոդելներին և ձեռք բերելու գործնական հմտություններ:

Արմինեն և Վահրամը շատ ուրախ են իրենց ուսումնառության մեկ կիսամյակը Լեհաստանում անցկացնելու հնարավորությամբ և նշում են, որ այնտեղ անցկացրած մի քանի ամիսների ընթացքում արդեն հասցրել են հարստացնել իրենց գիտելիքները, ձեռք են բերել բազմաթիվ ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից, ինչպես նաև ճանապարհորդել են եվրոպական երկրներում:

Հիշեցնենք, որ «Էրազմուս+» ծրագիրը մեր համալսարանում համակարգվում է արտաքին կապերի բաժնի կողմից, և այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի բազմաթիվ ուսանողներ նույնպես կմեկնեն եվրոպական մի շարք համալսարաններում ուսանելու:

Սուն միջոցառման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը հասանելի է այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին