ՀՊՏՀ-ականները՝ լավագույն ուսանող-մարզիկների շարքում. հանձնվել են խրախուսական պարգևներ

Դիտումների քանակ՝ 1182

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ), ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախաձեռնությամբ հունվարի 30-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում  տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում  խրախուսական նվերներ են հանձնվել  2015թ. բարձր մարզական ցուցանիշներ արձանագրած ուսանող-մարզիկներին: Այս մասին տեղեկացնում է ՀԵՀ պաշտոնական կայքը:

Ծաղկաձորում մեկտեղվել են միջազգային մրցաշարերում լավագույնս ներկայացած ուսանող մարզիկները, ՀՀ 16-րդ ուսանողական մարզական խաղերի հաղթող թիմերի անդամները՝ շուրջ 125 երիտասարդ։ Երիտասարդները ՀԵՀ-ի կողմից  արժանացել են պատվոգրերի և նվերների:

Ուրախությամբ ենք տեղեկացնում, որ ՀՀ լավագույն ուսանող-մարզիկների թվում են նաև ՀՊՏՀ մի խումբ ուսանողներ (որոնցից շատերը ոչ միայն հանրապետական, այլև միջազգային մրցաշարերի հաղթողներ են). ֆուտզալիստ Հակոբ Դոքմանյան, հրաձիգ Էլմիրա Կարապետյան, վոլեյբոլիստուհի Նարե Հովհաննիսյան և ուրիշներ:

ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, ով նաև ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավարն է, միջոցառմանը  ամփոփել է  2015թ. ուսանող-մարզիկների ձեռքբերումները, խոսել 2016թ. ծրագրերի մասին:

Միջոցառման մասին պատմող տեսանյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ youtube.com/watch?v=j7IfBnyNvxs :

Շնորհավորում ենք լավագույն մարզիկներին, մաղթում հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին