Մեր ուսանողները մանկատան սաների հյուրն էին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մանկատան սաներին այցելությունը ավանդական է դարձել:
Հունվարի 31-ին մեր համալսարանի մի խումբ ուսխորհրդականներ այցելել են Վանաձորի մանկատուն: Ուշագրավ է, որ այս տարի ՀՊՏՀ-ականներին են միացել նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամները: Այս մասին տեղեկացնում են մեր ուսանողական խորհրդից:
ՀՊՏՀ ՈւԽ ներկայացուցիչները մանկատան սաների օրը հիշարժան են դարձրել բազմաթիվ անակնկալներով. ուսանողները մանկատանն են նվիրել մի շարք արժեքավոր նվերներ, մանուկներին երջանկացրել իրենց պարային, երաժշտական կատարումներով: Իրենց հերթին, մանկատան սաները հանդես են եկել տարբեր կատարումներով: Ուսանողները զրուցել են մանուկների հետ, լսել նրանց նպատակների ու երազանքների մասին:
Հիշեցնենք, որ մանկատներ, ծերանոցներ, զորամասեր այցելությունները մեր ուսանողական խորհրդի գործունեության սոցիալական ուղղությունն են կազմում. ՀՊՏՀ-ականները նմանաբնույթ այցերը կարևորում են, փորձում իրենց ներկայությամբ քաջալերել ու գոտեպնդել ուշադրության կարիք ունեցողներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին