Ուղեղային կենտրոնները արդի քաղաքական գործընթացներում. հետազոտության շնորհանդես ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1334

2015-2016թթ. ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի  հաշվետվությունների ներկայացման 1-ին (ձմեռային) փուլի շրջանակներում այսօր նիստերի սրահում տեղի ունեցավ հերթական գիտաուսումնական խմբի շնորհանդեսը՝ հանդես եկավ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի  «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ, դոցենտ Վարդան Աթոյանի ղեկավարությամբ գործող «Ուղեղային կենտրոնները արդի քաղաքական գործընթացներում» խումբը:

Սեմինարին մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի  և գիտության բաժնի աշխատակիցներ:

Գագիկ Վարդանյանը բացման խոսքում կարևորեց սույն  գիտաուսումնական խմբի ուսումնասիրության թեման՝ նշելով, որ ուղեղային կենտրոնները (ՈւԿ) այն կենտրոններն են, որտեղ գաղափարներ են գեներացվում, լուծումներ առաջարկվում: Պրոռեկտորն ՈՒԿ-ների դերը առանձնակի ընդգծեց քաղաքական գործընթացներում:

Խմբի ղեկավար Վարդան Աթոյանը ամփոփ ներկայացրեց խմբի գործունեության հիմնական ուղղությունները, առաջնահերթությունները: Վարդան Աթոյանի խոսքով՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ուղեղային կենտրոնների վերաբերյալ հետազոտությունների փորձ ունի, արդեն 3 ամիս հետազոտում են ուղեղային կենտրոնների դերը արդի քաղաքական գործընթացներում, կանգ առավ կատարված և ընթացիկ հետազոտությունների վրա:

Նշված գիտաուսումնական խմբի անդամներն են ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու  Սոֆյա Օհանյանը, նույն ամբիոնի ավագ լաբորանտ Արփինե Մալքջյանը:

Այսօր զեկուցմամբ հանդես եկավ Սոֆյա Օհանյանը: Վերջինս նախ դիտարկեց ուղեղային կենտրոնները (think thank)՝ որպես փորձագիտական-հետազոտական կառույց, նշեց դրանց հատկանիշները, գործունեության հիմնական դաշտը: Այնուհետև բանախոսն անդրադարձավ ՈւԿ-ների զարգացմանը, տարբեր սերունդների հատկանիշներին և առանձնահատկություններին, գործունեության ուղղություններին: Ներկայացվեց ՈւԿ-ների գործառույթները (հաղորդակցային/ միջնորդական և այլն), տիպաբանությունը (ակադեմիական, պայմանագրային, գաղափարայնացված, կուսակցապատկան), համագործակցության ձևերը: Ուղեղային կենտրոնները դիտարկվեցին քաղաքական գործընթացներում, խոսվեց քաղաքական որոշումների մշակման մեթոդների, ՈւԿ-ների աշխատանքային արդյունավետության չափանիշների մասին: Ինչպես հաղորդեց զեկուցողը՝ իրենց ուսումնասիրության գլխավոր ուղղությունը քաղաքական գործընթացներում  ՀՀ ՈւԿ-ների դերի ուսումնասիրությունն է, թե  ինչպես են ձևավորվել և զարգացել, ինչ հնարավորություններ և հեռանկարներ կան. սրանք են հետազոտության առանցքային հարցերը:

Եզրափակելով հետազոտության շնորհանդեսը՝ գիտաուսումնական խմբի ղեկավար Վարդան Աթոյանը նշեց, որ աշխարհում ՈՒԿ-ների զարգացումը նոր միտումներ է դրսևորում, մասնավորապես խզվում է համալսարանների և ուղեղային կենտրոնների միջև կապը, վերջիններս կլանում են նաև համալսարանների կրթական ֆունկցիան: Այսինքն՝ համալսարանները ձեռք են բերում ուժեղ մրցակիցներ՝ ի դեմս արագ զարգացող ուղեղային կենտրոնների:

Հանդիպումն ավարտվեց հարց ու պատասխանով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին