Անդրադարձ խորհրդաժողովին. քննարկվել են «Իրավագիտություն» առարկայի դասավանդման հիմնախնդիրները

Դիտումների քանակ՝ 1407

Ինչպես տեղեկացրել էինք մեր երեկվա լրահոսում, հունվարի 21-22-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորագրով խորհրդաժողով, որի ընթացքում քննարկվել են ուսումնառության և դասավանդման արդյունավետության արդի հիմնահարցերը: Խորհրդաժողովին մասնակցել է ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Գեղեցիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով «Իրավագիտություն առարկայի դասավանդման և ուսումնառության որոշ հարցերի շուրջ» թեմայով զեկուցում: Այսօր մեզ հետ զրույցում տիկին Գրիգորյանն անդրադարձավ իր զեկուցմանը և այն սկզբունքային մոտեցումներին, որոնք ներկայացրել է աշխատաժողովի մասնակիցներին:

«Տարբեր երկրների բուհերում հաջողված փորձերի շարքում  ես ներկայացրեցի ՀՊՏՀ-ում «Իրավագիտություն» առարկայի դասավանդման և ուսումնառության հետ կապված որոշ հարցեր: Վերլուծելով դասավանդման սեփական փորձը, բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով սովորող ուսանողների,  շրջանավարտների կարծիքները, տարբեր բուհերի մասնագիտական կրթական ծրագրերը՝ մասնակիցների  ուշադրությանը ներկայացվեցին  3 խումբ հարցեր՝ կապված իրավագիտության դերի և նշանակության, դասավանդման մեթոդաբանության և ուսումնառությանմեթոդաբանության հետ»,- ներկայացրեց Գեղեցիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ակտիվ քննարկում է առաջացրել դասավանդման մեթոդաբանության հետ կապված հարցը, նշվել է, որ դասավանդման մեթոդները նպատակ են հետապնդում  աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նպաստել ուսանողի ինքնուրույնության և անհատական ունակությունների զարգացմանը, մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռք բերմանը:

«ՀՀ բուհերում ձևավորված ավանդույթի համաձայն, շատ դեպքերում, «Իրավագիտություն» առարկայի դասախոսությունը վերածվում է իրավական բովանդակությամբ տեքստի  թելադրության, որն էականորեն սահմանափակում է առարկայի արդյունավետ ուսուցումը: Բարեբախտաբար, այսօր ստեղծվել է տնտեսագետ ուսանողների համար մայրենի լեզվով դասագիրք,  որը հնարավորություն է տալիս դասախոսին օգտագործել դասավանդման մեթոդների ողջ զինանոցը: Առարկան ինքնին հետաքրքիր է, տնտեսագետի համար կարևոր, ուստի դասավանդումն ավելի արդյունավետ դարձնելու համար հարկ է կիրառել դասավանդման ժամանակակից մեթոդաբանության գործիքակազմը, այն է՝ իրականացնել ուսանողակենտրոն մոտեցում, ակադեմիական և ինտերակտիվ դասավանդման մեթոդների  զուգակցում, կիրառել տեխնիկական միջոցներ, կազմակերպել պրակտիկ խաղեր, հաշվի առնելով մասնագիտացումը՝ մեծացնել ուսանողի ինքնուրույն աշխատանքի ծավալը, խրախուսել գիտահետազոտական աշխատանքներ կատարելու ցանկությունը և այլն»,- կարծիք հայտնեց դոցենտ Գեղեցիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ այստեղ կարևորվում է նաև ուսանողի դերը՝ ուսանողակենտրոն դասավանդման էությունը ճիշտ ընկալելու, ուսումնառության ակտիվ սուբյեկտ լինելու,  իր կրթական իրավունքի իրականացման հարցում պատասխանատվություն կրելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին