Մեկնարկեց ԳՈւԽ սեմինարների շարքը. ագրոապահովագրության ներդրման հնարավորությունները

Դիտումների քանակ՝ 1064

«Ագրոապահովագրություն» հետազոտական խմբի ելույթով այսօր մեկնարկեց 2015-2016 թթ. գիտաուսումնական  խմբերի սեմինարների շարքը: Սեմինարին ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը,  պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ:

«Ագրոապահովագրություն» գիտաուսումնական խմբի ղեկավարն է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Գագիկ Վարդանյանը՝ նշելով, որ սեմինարների շարքը մեկնարկում է կարևոր թեմայով  կատարվող հետազոտության հաշվետվությամբ. մասնավորապես պրոռեկտորն ընդգծեց, որ թեման կարևոր սոցիալ-տնտեսական նշանակություն ունի:

Ղեկավար Սամվել Ավետիսյանը, ամփոփ ներկայացնելով խմբի համար կարևոր ասպեկտները, ասաց, որ խումբը նպատակ ունի ավելի շատ գործնական առաջարկներ մշակելու:

Առաջինը, ՀՀ-ում ագրոապահովագրության ներդրման պիլոտային ծրագրի մասին զեկուցմամբ հանդես եկավ  ՀՊՏՀ մագիստրանտ Լևոն Քոչարյանը: Ծրագիրը  պետք է ներդրվի Արարատի և Արմավիրի մարզերում (այս մարզերը գյուղատնտեսության  ոլորտում ամենառիսկայինն են):

Տ.գ.թ.,ասիստենտ Արմեն Վարդանյանը և տ.գ.թ., դոցենտ Արման Դաղունցը ներկայացրին ագրոապահովագրության միջազգային փորձի ուսումնասիրություն, կանգ առան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի  ագրոապահովագրության համակարգի վրա, վերլուծեցին դրանց առանձնահատկությունները, Հայաստանում տեղայնացման հնարավորությունները:

Խումբը, Հայաստանի պարագայում, ուշադրություն էր դարձրել հատկապես մշակաբույսերի և բազմամյա տնկարկների ապահովագրությանը, դիտարկել դրա ռիսկերը:

Տ.գ.դ., պրոֆեսոր Հրաչյա Ծպնեցյանը սեմինարի վերջին զեկուցողն էր: Պրոֆեսորն անդրադարձավ ագրոապահովագրությունում սակագնային ճիշտ քաղաքականության կիրառման կարևորությանը: Նա  ներկայացրեց բուսաբուծության ճյուղում սակագնի սահմանման համար առաջարկվող հիմքերը, խմբի կողմից սակագնի գնահատման համար մոտեցումը, սակագնի դրույքաչափի հաշվարկման համար առաջարկվող բանաձևը, անասնաբուծության ճյուղում սակագների հաշվարկման մեթոդաբանությունը և այլն:

Սեմինարի ավարտին Գագիկ Վարդանյանը նշեց, որ խմբի աշխատանքի արդյունքները գոհացուցիչ են և ներկայացրեց դիտարկումներ, որոնք հետազոտողներին ոււղղորդեցին առավել արդյունավետ աշխատանքի:

Նշենք, որ 2015-2016 թթ. ՀՊՏՀ ԳՈւԽ սեմինարներն ընթանալու են 3 փուլով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին